Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2025թ. պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1,593,349.2 հազար դրամի չափով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով՝ 1,255,579.0 հազար դրամ, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ 223,166.2 հազար դրամ և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 114,604.0 հազար դրամ):
Կառավարության հաղորդագրության համաձայն, որոշման նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ինչպես նաև ավարտվող շինարարությունների պայմանագրերի մնացորդների վճարման համար։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական շինարարությունն ավարտված և ավարտական փուլում գտնվող օբյեկտների (4 մանկապարտեզի կառուցման, 6 մոդուլային դպրոցի կառուցման, 1 ավագ դպրոցի մասնաշենքի կառուցման, 3 դպրոցի մարզադահլիճի կառուցման, 6 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման, 1 մարզադպրոցի կառուցման և 1 մարզադաշտի կառուցման) ֆինանսավորման, ինչպես նաև թվով 13 օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության դիմաց վճարման համար անհրաժեշտ է հատկացնել շուրջ 1.59 մլրդ դրամ:
Միաժամանակ, որոշմամբ կատարվում է միջեռամսյակային վերաբաշխում՝ 10․0 մլն-ի չափով (1–ին եռամսյակում)՝ 2024թ․-ին նախատեսված, սակայն ս․թ․ հունվարին մատակարարված դպրոցական լաբորատոր սարքերի դիմաց վճարելու նպատակով, 207.2 մլն–ի չափով՝ 1–ին եռամսյակում, 277.3 մլն–ի չափով՝ 1–ին կիսամյակում և 166.4 մլն–ի չափով՝ 9 ամսում՝ Ներքին Սասնաշենի դպրոցի կառուցման աշխատանքների դիմաց վճարելու նպատակով։ Որոշման ընդունմամբ գումար կհատկացվի մի շարք կրթական և մարզական շինարարությունն ավարտված և ավարտական փուլում գտնվող օբյեկտների կառուցման և վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի պայմանագրերի ֆինանսավորման համար:
Վարչապետը թվարկել է, թե կրթական և մարզական որ շինությունների մասին է խոսքը. «Մարզական օբյեկտների կառուցման մասով՝ հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցները՝ ընթացիկ շինարարական փուլ, Աճարկուտ բնակավայրում մեկցանցանի բասկետբոլի դաշտի կառուցում՝ ավարտված է: Դպրոցների մարզադահլիճների կառուցում՝ «Երևանի Միքայել Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի կառուցում՝ ավարտված է, իրականացվում են արտաքին գազամատակարարման աշխատանքներ»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է այցելել բոլոր վայրերը՝ առանց բացառության, քանի որ այցերը ոչ միայն վերահսկողական նշանակություն ունեն, այլև աշխատանքի որակի մասին տեղեկություն ստանալու, աշխատանքի որակը փոխելու կամ լավարկելու շատ կարևոր գործիք են:
Շարունակելով թվարկումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Երևանի Ս. Խանզադյանի անվան 184 ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցում՝ ավարտված է, Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի կառուցում՝ ավարտված է: Դպրոցների մարզադահլիճների վերակառուցում՝ Երևանի Մ. Սարյանի անվան 86 հիմնական դպրոցի մարզադահլիճ՝ ավարտված է, Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցի մարզադահլիճ՝ ավարտական փուլում է, Երևանի համար 37 հիմնական դպրոց՝ ավարտված է, Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճ՝ ավարտական փուլում է, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճ՝ ավարտական փուլում է, Լոռու մարզի Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի մարզադահլիճ՝ ընթացիկ շինարարական փուլում է: Մանկապարտեզներ՝ Արմավիրի մարզի Այգևան համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ՝ կահավորման փուլում է, Լոռու մարզի Սպիտակ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ՝ կահավորման փուլում է, Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ՝ ընթացիկ շինարարության փուլում է»:
Ավագ դպրոցների մասով Կառավարության ղեկավարը նշել է «Մասիսի թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը, որ արդեն պատրաստ է, մոդուլային դպրոցների մասով՝ Արագածոտնի մարզի Լուսակնի միջնակարգ դպրոցը, որն ընթացիկ շինարարական փուլում է, Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոցը, որը ընթացիկ շինարարական փուլում է, Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի միջնակարգ դպրոցը, որն ավարտված է, Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոցը, որը նույնպես ավարտված է, Սյունիքի մարզի Վաղատինի միջնակարգ դպրոցը, որն ավարտված է, Սյունիքի մարզի Դարբասի միջնակարգ դպրոցը, որը դեռ շինարարական փուլում է:
Առաջիկա նախագծերի վերաբերյալ, որոնց ուղղությամբ նախագծանախահաշվային փորձաքննության փուլի աշխատանքներն ենք իրականացնում Վարչապետը նշել է. «Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր, Արմավիրի մարզի «Մրգաստանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի մասնաշենքի կառուցում, Շիրակի մարզի «ք. Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի մասնաշենքի վերակառուցում, Սյունիքի մարզի Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի մարզադահլիճի վերակառուցում, Արարատի մարզի Նիզամիի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցում, Արմավիրի մարզի Հայկաշենի Գ. Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցում, Տավուշի մարզի Նավուրի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցում, Երևանի թիվ 22 հիմնական դպրոցի վերակառուցում, Արագածոտնի մարզի Հացաշենի մոդուլային կրթահամալիրի կառուցում, Գեղարքունիքի մարզի Արփունքի մոդուլային կրթահամալիրի կառուցում, Վայոց Ձորի մարզի Գողթանիկի մոդուլային կրթահամալիրի կառուցում, Կոտայքի մարզի Նուռնուսի մոդուլային կրթահամալիրի կառուցում, Գոշի մոդուլային կրթահամալիրի կառուցում»:
Հաջորդիվ՝ Վարչապետը հետաքրքրվել է մանկապարտեզների գույքային հատվածների ապահովման մասով աշխատանքներով, ինչին ի պատասխան Ժաննա Անդրեասյանը նշել է, որ չզեկուցվող հարցերի շարքում որոշում է կայացվել, որով անհրաժեշտ հատկացումներ են կատարվում այն մրցույթների և մատակարարումների համար, որոնք նախորդ տարի չէին ավարտվել, և այդ հատկացումների կարիքը կար, որպեսզի ամբողջական գույքային հագեցվածություն ապահովվի: