
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ-Խայմա քաղաքում մասնակցել է «Made by Armenians» 2025 ցուցահանդեսին։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, միջոցառմանը ներկա են եղել Ռաս Ալ-Խայմայի թագաժառանգ Շեյխ Մուհամեդ բեն Սաուդ բին Սաքր Ալ Քասիմին, Ռաս Ալ-Խայմայի Առևտրի պալատի նախագահ Մոհամեդ Ալ-Նուայիմին, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ինչպես նաև գործարարներ, ներդրողներ և պետական պաշտոնյաներ Հայաստանից, ԱՄԷ-ից ու այլ երկրներից։
Բացման արարողության ընթացքում նախարարը նշել է․«Հայաստանն ու ԱՄԷ-ն կիսում են բարգավաճող և դինամիկ զարգացող տնտեսական գործընկերություն։ 2024 թվականին մեր առևտրաշրջանառությունն գերազանցել է 5.7 միլիարդ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ կրկնապատկվելով։ Հայկական ապրանքների արտահանումը դեպի ԱՄԷ զգալիորեն ընդլայնվել է, ինչը վկայում է աճող պահանջարկի և մեր գործարար կապերի ամրապնդման մասին։ Համանման միջոցառումները տնտեսական համագործակցության խորացման, ներդրումների խթանման և առևտրային հնարավորությունների ընդլայնման մեր ընդհանուր տեսլականի արտացոլումն են»։
Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են գործարար հանդիպումներ և մշակութային միջոցառումներ։ Այն բաց կլինի մինչ փետրվարի 22-ը։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը 2024թ. աճել է 2.3 անգամ ՝ ապահովելով 5.3 մլրդ դոլար ծավալ: Ընդ որում, առևտրաշրջանառության առյուծի բաժինը պատկանում է արտահանմանը՝ 5.2 մլրդ դոլար, տարվա ընթացքում 2.4 անգամ աճով, ներմուծման աճը կազմել է 12%՝ մինչև 82.4 մլն դոլար: