Ուրբաթ, 21 Փետրվարի 2025 15:58
Ալինա Հովհաննիսյան

ԵԱԶԲ-ը պատրաստակամություն է հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ՊՄԳ շուկայի զարգացման գործում

ԵԱԶԲ-ը պատրաստակամություն է հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ՊՄԳ շուկայի զարգացման գործում

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) պատրաստ է դիտարկել մասնավոր հատվածի պահանջները և տրամադրել տեխնիկական աջակցություն՝ Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) լիարժեք շուկա ստեղծելու նպատակով՝ երկրի կայուն զարգացման համար: Այդ մասին հայտարարել է ԵԱԶԲ-ի նախագծային գործունեության աջակցման դեպարտամենտի ՊՄԳ նախագծերի գծով տնօրեն Սվետլանա Մասլովան՝ բանկի տեխնիկական աջակցության "Հայաստանի ՊՄԳ ինստիտուցիոնալ միջավայրի զարգացում. գործընկերություն բուհերի հետ և ՊՄԳ ոլորտում իրավասությունների ավելացում" ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ:

 

Հիշեցնելով, որ Հայաստանի կառավարությունը 2008 թվականից աշխատում է ՊՄԳ զարգացման ուղղությամբ, Մասլովան հավելել է, որ օրենսդրական նախաձեռնություններն ու նպատակային ձգտումներն այս ոլորտում արդեն ամրագրված են, ինչպես նաեւ սահմանվել են պետական ծառայությունների ուղղությունները, որոնք հասանելի են այդ ոլորտում նախագծերի իրականացման համար:

 

Այնուամենայնիվ, ինչպես նշել է նա, ՊՄԳ-ի համար հասանելի ոլորտների ցանկը պետք է ընդլայնել, քանի որ այս պահին այն չի համապատասխանում ենթակառուցվածքային զարգացման կարիքներին: Նրա խոսքով՝ փորձագետները խորհուրդ են տալիս, առաջին հերթին, այդ ցուցակում ներառել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են թվային կառուցվածքը, զբոսաշրջությունը, էներգիայի վերականգնվող աղբյուրները, ինչպես նաեւ լոգիստիկ ենթակառուցվածքը:

 

Մասլովան նաև ընդգծել է, որ Հայաստանում ՊՄԳ շուկան գտնվում է իր ձևավորման սկզբնական փուլում: "Ցածր ներդրումային ակտիվությունը բացատրվում է մի շարք գործոններով, որոնց թվում են ֆինանսական գործիքների բացակայությունը, վարչական խոչընդոտները և հստակ պետական ռազմավարության բացակայությունը: Սակայն այդ խնդիրներից շատերը կարող են լուծվել քաղաքական կամքի առկայության դեպքում",- ընդգծել է բանկի ներկայացուցիչը, նշելով, որ ՊՄԳ-ին պետական աջակցության միջոցառումների լայն շրջանակ կա։

 

Մասլովան նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՊՄԳ տվյալների բազան չափազանց կարևոր է ինստիտուցիոնալ զարգացման համար: "Հայաստանում ստեղծված են իրավական պայմաններ դրա գործարկման համար, սակայն այն դեռ չի գործում ։ ՊՄԳ ինստիտուցիոնալ համակարգի առանցքային տարրը ՊՄԳ ազգային կենտրոնն է, որը Հայաստանում բացակայում է, մինչդեռ, ԵԱՏՄ մյուս բոլոր երկրներում այն արդեն գոյություն ունի", - նշել է նա։

 

Մասլովան հույս է հայտնել, որ ՊՄԳ նախագծերի ֆինանսավորման մատչելիությունը կդառնա իրական, այլ ոչ թե անվանական, և այս առնչությամբ խորհուրդ է տվել վարկային երաշխիքները ներառել պետական աջակցության տեսակների ցանկում և մշակել ռիսկերի գնահատման մեթոդաբանություն:

 

"Թեև նման մեթոդաբանություն նախատեսված է, այն դեռևս չի ստեղծվել։ Այս համատեքստում ԵԱԶԲ-ը, որպես ֆինանսավորող կազմակերպություն, ունի ՊՄԳ նախագծերի զգալի պորտֆել բոլոր անդամ երկրներում՝ բացառությամբ Հայաստանի: Առաջիկա խնդիրների կապակցությամբ ԵԱԶԲ-ը պատրաստ է դիտարկել մասնավոր հատվածի պահանջները եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկրում ՊՄԳ շուկայի լիարժեք զարգացման համար", - հավաստիացրել է Մասլովան։

 

Իր հերթին՝ ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը նշել է, որ երեք տարի առաջ Հայաստանի կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրում բանկի աշխատանքի ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին, այդ թվում ՝ՊՄԳ զարգացման գծով: Նրա խոսքով ՝ այսօր արդեն կարելի է տեսնել առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքները։

 

"Մենք առաջին անգամ ենք անցկացնում ՊՄԳ ամփոփում։ Արդեն շատ բան է արվել. այսօր մենք քննարկել ենք համագործակցության հնարավորությունները Ֆինանսների նախարարության հետ, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ինչպես ֆինանսական ռեսուրսների, այնպես էլ այլ երկրներում կուտակված փորձի կիրառման առումով: Մենք համալսարանների հետ հետագա համագործակցության հույս ունենք", - ընդգծել է Մանդրոնը։

 

Բանկի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այս թեմայի նկատմամբ ուսանողների և համալսարանների հետաքրքրվածության վրա և մատնանշել Հայաստանի մասնավոր բիզնեսում ՊՄԳ-ի զարգացման ներուժը:

 

Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և Հայ-ռուսական համալսարանը (ՀՌՀ) պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ոլորտում համատեղ գիտական հետազոտությունների և կրթական ծրագրերի իրականացումը սկսել են 2023 թվականի հոկտեմբերին։ ՀՌՀ-ի և ԵԱԶԲ-ի համագործակցության առանցքային ուղղություններից է ՊՄԳ ոլորտում կրթական ծրագրերով որակյալ կադրերի պատրաստումը՝ Հայաստանում համապատասխան նախագծերի իրականացման համար, ինչպես նաև գիտական հետազոտությունների անցկացումը, որոնք նպաստում են հանրապետությունում այդ հատվածի զարգացման մակարդակի բարձրացմանը: Առաջիկա տարում նախատեսվում է ՊՄԳ-ի զարգացման արդիական խնդիրների և հեռանկարների, այդ թվում ՝ անդրսահմանային նախագծերի իրականացման վերաբերյալ համատեղ վերլուծական ակնարկների, հետազոտությունների և զեկույցների պատրաստում:

 

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում Եվրասիական տարածաշրջանում: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար։ Հայաստանը ԵԱԶԲ անդամ է 2009 թվականից։ Այս տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է շուրջ 508 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 24 նախագիծ, որոնցից 6-ի գծով 2022-2023 թվականներին շուրջ 126 մլն դոլար է ներդրվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան և ֆինանսական հատվածը ։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող նախագծերը, ինչպիսիք են տրանսպորտային ենթակառուցվածքը, թվային համակարգերը, կանաչ էներգետիկան, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և մեքենաշինությունը: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման օրակարգով և ESG սկզբունքներով: