Շաբաթ, 22 Փետրվարի 2025 12:24
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Իրանը քննարկել են Հայաստանի տարածքում համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման հնարավորությունները

Հայաստանն ու Իրանը քննարկել են Հայաստանի տարածքում համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում՝ «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները, ներդրումների հնարավորությունները և ՀՀ-ում համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները։

Այնուհետև Էդգար Զաքարյանը և դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել են «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ելույթով հանդես են եկել նաև ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԵԱՏՄ երկրների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 737.4 մլն դոլար՝ տարեկան 6.5% աճով։ Մասնավորապես, արտահանումն աճել է 14,5%-ով և կազմել 108.3 մլն դոլար՝ ներմուծման 5,2% աճի ֆոնին՝ մինչև 629.2 մլն դոլար: