
Արմինֆո. WILMOTTE & ASSOCIES ARCHITECTES -ի հիմնադիր, ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հեղինակած Կասկադ համալիրի վերակառուցմանը կուղղվի 20.046 մլրդ դրամ: Ինչպես հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի փետրվարի 24-ի աշխատանքային նիստում, նախագիծը նախատեսվում է ավարտել 5 տարում:
Վիլմոտի նախագիծը, որը պայմանականորեն կոչվում է "Մշակութային հանգույց", կընդգրկի 33 հազար քմ ընդհանուր մակերեսով տարածք, որտեղ կտեղակայվեն 870 մարդ տարողությամբ համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, հանգստի, ժամանցի գոտիներ, ստորգետնյա կայանատեղիներ, կանաչ գոտիներ:
Ճարտարապետ Վիլմոտն առաջարկել է նաև Կասկադին հարող 40 հազար քմ տարածքում ստեղծել կանաչ գոտի, ինչը կապահովի Կասկադի կապը Մատենադարանի հետ:
Բացի այդ, ինչպես հայտարարվել է քաղաքապետարանի նիստում, նախագծի հեղինակը Կասկադի վերակառուցմանը զուգահեռ նրա աջ կողմում կկառուցի բազմաֆունկցիոնալ համալիր, որը պետք է ներդաշնակորեն նեերգրվի ճարտարապետական համալիրի ընդհանուր անսամբլում:
Շինարարական աշխատանքներն սկսելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու որոշումները նախատեսվում է փոխանցել քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված ընկերությանը՝ ս. թ. 4-րդ եռամսյակում:
Նշենք, որ "Կասկադ-մշակութային հանգույց" նախագիծն իրենից ներկայացնում է քարի, ջրի և կանաչի համադրություն, ինչը համահունչ է նաև ժամանակակից արվեստի թանգարանի հայեցակարգին, որը Մաշտոցի պողոտայից, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, կտեղափոխվի Կասկադ համալիրի տարածք:
Մասնավորապես, թանգարանը կունենա դիտահարթակներ, որոնցից բացվում է տեսարան դեպի քաղաք, Արարատ լեռ, "Մայր Հայաստան" և "Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի" հուշարձաններ: Թանգարանի նախագծում ներառված են նաև ռեստորաններ, արվեստի, երաժշտության և կինոյի մշակութային նոր հարթակներ, բացօթյա սրահներ և շատ այլ հասարակական վայրեր: Սանդուղքն ու շարժասանդուղքը, որոնք, ըստ նախագծի, անցնում են թանգարանի կենտրոնով, կմիավորվեն Հայաստանի կարևոր խորհրդանիշների հետ:
Նախագծին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով ՝ https://activecitizen.yerevan.am/suggestion-details/4/: