
Արմինֆո. Ցավոք, փոքր ու միջին ձեռնարկատիրությանն այդպես էլ չհաջողվեց իր մտահոգությունները հասցնել իշխանություններին։ Այդ մասին փետրվարի 25-ին հայտարարել է "ՓՄՁ համագործակցություն" ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը՝ շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացման թեմայի շուրջ քննարկման ժամանակ։
"Մեզ ոչ միայն չհաջողվեց հասնել իշխանություններին, այլ, հակառակը, հիմա հակառակ գործընթացն է ընթանում, և կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Հայաստանը հետևողականորեն գնում է շրջանառության հարկից ամբողջությամբ հրաժարվելու ճանապարհով։ Դա շատ վատ հետևանքներ կունենա", - հայտարարել է նա։
Նրա ասելով՝ նման փորձ Հայաստանն արդեն ունի. 2011-2012թթ. հանրապետությունը հրաժարվել է պարզեցված հարկից և ներդրել է պարզեցված շահութահարկ, որը գոյատևել է ընդամենը մեկ տարի: Դրանից հետո փորձագիտական հանրության և տնտեսական իշխանությունների համատեղ ջանքերով մշակվել է և 2013թ. հունվարից ներդրվել շրջանառության հարկի համակարգը:
Մինչդեռ, 21-րդ դարում երկրներում հարկային քաղաքականությունը մշակվում է բիզնեսի համար ավելի պարզեցված մոդելի ստեղծման շրջանակներում, որպեսզի վերջինս հնարավորինս քիչ ժամանակ ծախսի հարկի հաշվարկման և վճարման համար։ Իսկ մենք, փորձագետի համոզմամբ, գնում ենք հակառակ ուղղությամբ, ներդնում ենք շրջանառության հարկի տրամաբանությանը հակասող եւ հնարավորինս բարդ հարկային հաշվառմամբ համակարգ։
Բացի այդ, ինչպես նշել է Հակոբ Ավագյանը, Ֆինանսների նախարարությունը խորամանկում է, ասելով, որ փոփոխությունները չեն ենթադրում բիզնեսի համար հարկային բեռի ավելացում։ "Իրենք էլ որոշման նախագծի հիմնավորման մեջ արձանագրել են, որ փաստաթղթի ընդունումը պետական գանձարանին լրացուցիչ մոտ 18 մլրդ դրամ է խոստանում։ Օրինակ, նշվում է, որ արդյունավետ հարկը, մասնավորապես, առևտրային գործունեության ոլորտում, նախկին 2,3%-ից կաճի մինչև 3,7%: Եվ դա, նույնիսկ, փաստաթղթավորված ծախսերի 9%-ը պարտավորությունից հանելուց հետո: Այսինքն՝ նրանք պետք է անկեղծ լինեն և ժողովրդին հայտարարեն, որ, այո, կա հարկային բեռի ավելացում", - ամփոփել է փորձագետը։