Ուրբաթ, 28 Փետրվարի 2025 16:23
Ալինա Հովհաննիսյան

Ֆրանսիայի պաշտպանական նորարարությունների գործակալությունը հետաքրքրված է Հայաստանի ՌԱԿ-ի և ԲՏԱՆ հետ համագործակցությամբ

Ֆրանսիայի պաշտպանական նորարարությունների գործակալությունը հետաքրքրված է Հայաստանի ՌԱԿ-ի և ԲՏԱՆ հետ համագործակցությամբ

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ՀՀ ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ փետրվարի 25-ին ընդունել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ներքո գործող Ֆրանսիայի Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրեն գեներալ Պատրիկ Օֆորտի գլխավորած պատվիրակությանը։ 

 

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Գևորգ Մանթաշյանը, ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով  Ֆրանսիայի հետ ձևավորված բազմաոլորտ համագործակցությունը, հանգամանալից ներկայացրել է նախարարության գործունեությունն ու ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու նախաձեռնություններն, անդրադարձել է պետության կողմից բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգի զարգացմանն ուղղված տարբեր ուղղություններով տարվող աշխատանքներին և ծրագրերին:

 

Գեներալ Պատրիկ Օֆորտն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է Հայաստանում գտնվելու, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության էկոհամակարգին առավել խորը ծանոթանալու և համագործակցության առանցքային  ուղղությունները բացահայտելու ու քննարկելու համար:

 

Կողմերն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, տեխնոլոգիական կրթության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգի մի շարք հարցերի, մտքեր փոխանակել փոխհամագործակցության զարգացման ու ընդլայնման հետագա քայլերի և անելիքների վերաբերյալ: