Երեքշաբթի, 4 Մարտի 2025 11:42
Ալինա Հովհաննիսյան

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները երրորդ անգամ մասնակցում են Mobile World Congress 2025-ին

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները երրորդ անգամ մասնակցում են Mobile World Congress 2025-ին

Արմինֆո.Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մարտի 3-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress 2025) միջոցառումը, որին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն երրորդ անգամ ներկայանում է հայկական միասնական տաղավարով՝ հնարավորություն ընձեռելով հայրենական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: 

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է հայկական տաղավար, ծանոթացել նախարարության՝ հայկական միասնական տաղավարով հանդես եկած ոլորտային  կազմակերպությունների կողմից ներկայացված արտադրատեսակներին: Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 17 կազմակերպություններ, որոնցից 10-ը՝ որպես ցուցադրող, 7-ը՝ որպես այցելու, ինչպես նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը:

 

Ցուցահանդեսը բջջային տեխնոլոգիաների և կապի ոլորտի առաջատար միջազգային միջոցառում է, որտեղ ներկայացվում են կապի նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության լուծումներ և այլն։

Միջոցառումը բաղկացած է լինելու նաև ոլորտային համաժողովներից, կլոր սեղաններից, պետական բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներից, որոնք հնարավորություն կընձեռեն մասնակիցներին գործարար կապեր հաստատելու ոլորտի ներկայացուցիչների և որոշում կայացնողների հետ:

 

Հիշեցնենք, որ անցյալ տարի Բարսելոնայի միջազգային ցուցահանդես է այցելել ավելի քան 95 000 մարդ, սեփական արտադրանքը ներկայացրել է 2 400 ցուցադրող, ելույթ է ունեցել 1100 բանախոս: Հայտարարվել է, որ 2025 թվականի հիմնական թեմատիկ ուղղություններն են.  կապ, ծրագրային ապահովման մշակում, խաղաֆիկացում, բջջային տեխնոլոգիաներ, հավելվածների մշակում, տեղեկատվական անվտանգություն, բջջային հավելվածներ, հաղորդակցական տեխնոլոգիաներ, ՏՀՏ, տվյալների հավաքագրում և մշակում, ինտերնետ-տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, AR/VR/MR տեխնոլոգիաներ, 5G։

 

2024 թվականին Հայաստանի տաղավարը ներկայացվել է 14 տեխնոլոգիական ընկերությունների կողմից ։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ 2024 թվականի արդյունքներով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը միայն ՏՏ (ծրագրային ապահովման մշակում, համակարգչային ծրագրեր, տվյալների մշակում և այլն) մասով անցած տարին փակել է  915 մլրդ դրամ շրջանառությամբ ։ Հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ինչպես նշել է նախարարը, շրջանառությունը հասել է 1.150 տրիլիոն դրամի: "Սա շատ կարեւոր է եւ նշանակում է, որ տարիների ընթացքում պետության ներդրումներն այս ոլորտում եւ մասնավոր հատվածի ակտիվ գործունեությունը լուրջ շոշափելի արդյունքներ են տալիս, որոնք կարող են կրկնապատկվել, եռապատկվել եւ այլն", - ասել էր գերատեսչության ղեկավարը:

 

Նշենք, որ ՀՆԱ կառուցվածքում տեխնոլոգիական հատվածը 2024թ. արդյունքներով ընդգրկել է 7-8% մասնաբաժին ։