Հինգշաբթի, 6 Մարտի 2025 16:46
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը Ֆրանսիային հրավիրում է մասնակցելու "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի կառուցման նախագծին

Հայաստանը Ֆրանսիային հրավիրում է մասնակցելու "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի կառուցման նախագծին

Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական օրակարգում փոխադարձ առևտրի և ներդրումների նոր ուղղությունների ներառման, ինչպես նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ընդլայնման միջոցով։

 

Փովարչապետ Տիգրան Խաչատրյանը, ընդգծելով ֆրանսիական ձեռնարկությունների հետ ձևավորված համագործակցության հաջող փորձը, կարևորել է Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ավելի մեծ ներկայություն ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ նոր գիտելիքի ներգրավման և գործարար մշակույթի զարգացման տեսանկյունից:

 

Անդրադարձ է կատարվել համագործակցության հնարավոր նոր ուղղություններին, մասնավորապես՝ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորմամբ և ֆրանսիական առաջատար շինարարական ու ինժեներական ընկերությունների ներգրավմամբ իրականացնելու հնարավորությունը:

 

Էրիկ Լոմբարդը, ընդգծելով Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման առանձնակի կարևորությունը, վստահեցրել է, որ ներկայացված ծրագրերը կշարունակեն մնալ Ֆրանիսայի կառավարության ուշադրության կենտրոնում, և անհարժեշտ ջանքեր կգործադրվեն դրանց իրագործման ուղղությամբ:

 

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել առաջիկա քայլերի և համագործակցության հետագա ձևաչափերի վերաբերյալ: