Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է լուծարել Առողջապահական պետական գործակալությունը և ստեղծել Առողջապահության պետական հիմնադրամ: "Բժշկական ապահովագրության պետական հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին" ՀՀ կառավարության որոշման նախագիծը զետեղված է իրավական ակտերի միասնական պորտալում: Նշենք, որ համընդհանուր բժշկական ապահովագրության (ՀԲԱ) ներդրման հայեցակարգի համաձայն, ՀԲԱ-ի համար դրամահավաքը, մուծումների և ծախսերի չափը որոշելը կիրականացվի այդ հիմնադրամի կողմից, որի վարչության նախագահն ի պաշտոնե կլինի ՀՀ առողջապահության նախարարը:
Օրինագծի հեղինակները հիշեցնում են, որ Առողջապահության պետական գործակալությունը ստեղծվել է 1997 թվականին 'Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական ռեսուրսների, այդ թվում' Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական նպատակային ծրագրերով նախատեսված պետական պատվերներով տրամադրվող բժշկական օգնության եւ ծառայությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով:
Մինչդեռ, այս փուլում առողջապահության ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև ՀԲԱ ներդրման շրջանակներում Առողջապահության նախարարությունն առաջարկում է դադարեցնել առողջապահության նախարարության կառուցվածքում գործող Առողջապահության պետական գործակալության գործունեությունը և ստեղծել պարտադիր բժշկական ապահովագրության պետական հիմնադրամ: "Հիմնադրամի ստեղծումն ուղղված է համալիր բժշկական ապահովագրության ներդրման գործընթացի ապահովմանը, ընթացակարգերի, կառուցվածքային բաղադրիչների մշակմանն ու փորձարկմանը, համապատասխան կադրերի ներգրավմանը եւ կադրային ներուժի զարգացմանը, էլեկտրոնային գործիքների պատրաստմանը, որոնք պետք է ապահովեն անցումը համընդհաանուր բժշկական ապահովագրությանը", - ասված է փաստաթղթում:
Նախագծով առաջարկվում է ստեղծել Առողջապահության պետական հիմնադրամ, սահմանել հիմնադրամի կառավարման լիազորված պետական մարմին, նշանակել հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և համապատասխան հանձնարարականներ տալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին ՝ հիմնադրամի ստեղծման աշխատանքները կազմակերպելու վերաբերյալ: Բացի այդ, նախագծով առաջարկվում է հաստատել հիմնադրամի կանոնադրությունը, որը "Հիմնադրամների մասին" օրենքին համապատասխան, սահմանում է Հիմնադրամի գործունեության նպատակները, լիազորությունները, գույքի վերաբերյալ դրույթները, հիմնադրամի մարմինները և նրանց լիազորությունները, հիմնադրամում որոշումներ ընդունելու, կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու կարգը, ինչպես նաև օրենքով հիմնադրամի կանոնադրությանը ներկայացվող այլ պահանջներ:
Հիմնադրամի ստեղծման ծախսերը գնահատվում են 990 մլն դրամ, որից 665 մլն դրամը վերաբաշխվելու է համալիր բժշկական ապահովագրության ներդրման միջոցառումների համար հատկացված միջոցներից, իսկ մնացած մասը ծածկվելու է Առողջապահության պետական գործակալության լուծարումից ազատված միջոցների հաշվին: