Արմինֆո. Անհասկանալի իրավիճակ է հեղուկ գազի շուկայում․ մի բնակավայրում 90 դրամ է, մեկ այլ տեղում՝ 190 դրամ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Մայրաքաղաքում էլ հեղուկ գազի արժեքը 1 ամսվա ընթացքում 120-ից դարձել է 190 դրամ։ Այդպես էլ հասկանալի չէ՝ ինչու՞ է վերջին տարիներին հեղուկ գազի արժեքն այսքան տատանվում։ Դեմպի՞նգն է պատճառը, ներմուծման արժեքի տատանումնե՞րը, որոշ տնտեսավորողների կողմից կամայական արժեքի սահմանու՞մը։ Այս հարցերի պատասխանը պարտավոր է տալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Խնդիրն առկա է ամիսներ շարունակ, այս մասին բարձրաձայնել ենք բազմիցս։ Այսօր էլ կապ հաստատեցինք ՄՊՀ-ի հետ՝ հասկանալու արժեքի տատանման պատճառները։
Մեզ հայտնեցին, որ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ են իրականացնում շուրջ 80 տնտեսավարող սուբյեկտ, և քանի որ շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իրենք խնդրին միջամտելու իրավունք չունեն։ Իսկ ինչ վերաբերում է որոշ գազալցակայանների կողմից շուկայականից ցածր արժեքի սահմանմանը, դա կարող է լինել մարքեթինգային քայլ՝ տվյալ ժամանակահատվածում ավելի շատ սպառողներ ունենալու նպատակով։
Այդուհանդերձ, կարծում եմ, որ ՄՊՀ-ն պարտավոր է իրականացնել ուսումնասիրություն՝ ներկայացնելով այն պատճառները, որոնք նման իրավիճակի են հանգեցրել։
Աբսուրդ է, որ 30 կմ անցնելուց հետո ականատես ես լինում հեղուկ գազի գնի այսպիսի ակնառու և անտրամաբանական տարբերության։
Ստացվում է, որ պատկան մարմինների անտարբերության և անգործության հետևանքով տուժում է կրկին ՀՀ քաղաքացին՝ չիմանալով ինչպես դիմակայել հերթական թանկացման պայմաններում», - գրել է պատգամավորը։
Ավելի վաղ փորձագետները կարծիք էին հայտնել, որ խոշոր խաղացողները կարող են միտումնավոր նվազեցնել գները, որպեսզի շուկան <մաքրեն> փոքր մատակարարներից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, սակայն, պնդում էր, որ շուկան մնում է մրցակցային, ներմուծող ընկերությունների թիվը չի նվազում, իսկ գների աճը կապված է բացառապես համաշխարհային միտումների հետ: