Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտին:
Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպումը մեկնարկել է 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին անդրադարձով։ Զրուցակիցները քննարկել են համաժողովի անցկացման նախապատրաստական հարցեր, ինչպես նաև այն հնարավորություններն ու մարտահրավերները, որոնք կարող են ծագել այդ ընթացքում։
Նախարարը նշել է, որ COP17-ը կարևոր հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար շրջակա միջավայրի ոլորտում միջազգային համագործակցության խթանման համար և կարևոր քայլ է երկրի բնապահպանական ռազմավարության առաջմղման և իրականացման համար։ Նա ընդգծել է, որ համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի բնապահպանական օրակարգերի ձևավորմանը, ինչպես նաև՝ կայուն զարգացման նպատակներին համապատասխան միջոցառումների իրականացմանը։
Պարոն Դոն Լամբերտն, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը կենսաբազմազանության պահպանման ոլորտում և շեշտեց, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է աջակցել այս կարևորագույն միջոցառման կայացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև մի շարք նոր նախաձեռնություններ, որոնք կարող են աջակցել երկրում շրջակա միջավայրի կայուն զարգացմանը։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, այս պահին ԱԶԲ կողմի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացվում են հետևյալ ծրագրերը. Հայաստան՝ Սևանա լճի կայուն զարգացում։ Ռազմավարական տարածական պլանավորման մոտեցում; ԱԶԲ աջակցությամբ մշակվում է Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2025-2031 թվականների պլանը; Մոնիթորինգի չափման մեխանիզմների ստեղծում Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար; Աջակցություն Հայաստանում վտանգավոր թափոնների կառավարման բարելավման; Տրանսպորտային ոլորտի կլիմայի հարմարվողականության ծրագրի մշակում։
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ և հավելել, որ նախարարությունն ակտիվ աշխատում է ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ տեղական գործընկերների հետ՝ նպատակ ունենալով խթանել բարեփոխումները բնապահպանության ոլորտում։