Ուրբաթ, 14 Մարտի 2025 17:45
Ալինա Հովհաննիսյան

ՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ մտադիր է Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների համար կլիմայի փոփոխությանը ադապտացման ներդրումային ծրագիր մշակել

ՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ մտադիր է Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների համար կլիմայի փոփոխությանը ադապտացման ներդրումային ծրագիր մշակել

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացվող «Կլիմայի հարմարվողականության պլանավորման և ֆինանսավորման միջև առկա բացը կամրջելը» ծրագիրն իրականացնող ընկերությունների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է կլիմայական և բնական վտանգների ազդեցությունը տրանսպորտային ենթակառուցվածքների վրա։

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, ծրագրի հիմնական նպատակն է՝ մշակվել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքի համար կլիմայի հարմարվողականության ներդրումային ծրագիր, բարելավվել կլիմայի հարմարվողականության նախագծերի գնահատումը և ամրապնդել կլիմայի հարմարվողականության ներդրումային պլանավորման վերաբերյալ գիտելիքները:

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց փորձն ու մասնագիտական մոտեցումները, որոնք կարող են նպաստել Հայաստանի տրանսպորտային ցանցի դիմակայունության բարձրացմանը՝ հաշվի առնելով կլիմայական փոփոխությունների դինամիկան և երկրաբանական ռիսկերը։

Առանձնակի ուշադրություն է դարձվել ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգությանը, ինչպես նաև երկարաժամկետ կանխատեսումների և ռազմավարական ծրագրերի մշակման անհրաժեշտությանը։

Քրիստինե Ղալեչյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է կայուն և անվտանգ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, ինչի համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք մասնավոր հատվածի, գիտական կառույցների և միջազգային գործընկերների հետ։

Փոխնախարարի խոսքով՝ համագործակցությունը նմանատիպ մասնագիտացված ընկերությունների հետ թույլ կտա մշակել առավել արդյունավետ լուծումներ՝ հնարավոր աղետների կանխարգելման և հետևանքների մեղմման համար։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ իրականացնելու համատեղ ուսումնասիրություններ, ներկայացնել փորձագիտական գնահատումներ և առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների դիմակայունության և կայուն զարգացման ապահովմանը։