Ուրբաթ, 14 Մարտի 2025 17:53
Նաիրա Բադալյան

ՊԵԿ-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգը

ՊԵԿ-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգը

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն,  Էդուարդ Հակոբյանը բարձր է գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև կողմերի միջև ձևավորված երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը: Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է երկկողմ համագործակցության օրակարգը։ Մասնավորապես, Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև Սիսիանում ու Երևանում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցման ծրագրերը, դրանց ներկա վիճակը և խնդիրները։

Քննարկվել է նաև ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած` սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը՝ նախանշելով իրականացման հետագա ուղղությունները։ Կողմերն ընդգծել են ՀՀ և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման կարևորությունը մաքսային բարեփոխումների համատեքստում, ինչպես նաև ԵՄ հնարավոր տեխնիկական աջակցության շրջանակում ներկայում տարվող աշխատանքները։

Հանդիպման ավարտին կարևորվել են առավել ընդգրկուն օրակարգով  ԵՄ-ի հետ փոխգործակցության շարունակակությունը՝ հաշվի առնելով ՊԵԿ ռազմավարության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համընդհանուր օրակարգից բխող սահմանների համալիր կառավարման շրջանակում առկա առաջնահերթությունները։