Երեքշաբթի, 18 Մարտի 2025 12:36
Նաիրա Բադալյան

Պետական բյուջեն ամեն գնով համալրելու մտադրություն կա. Միքայել Մելքումյան

Պետական բյուջեն ամեն գնով համալրելու մտադրություն կա. Միքայել Մելքումյան

Արմինֆո. Տարեկան 7,1 տոկոս չափազանց բարձր տոկոսադրույքով 750 մլն դոլարի եվրապարտատոմսերի տեղաբաշխումը խոսում է Հայաստանի տնտեսության վիճակի վատթարացման մասին։ Նման գնահատականով է հանդես եկել տնտեսագետ, ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը։

 

Նրա հաամոզզզմամբ՝ քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում է:

«Քաղաքականությունը և քաղաքական գործընթացները անխուսափելի են ցանկացած երկրում, սակայն տվյալ պետության հզորությունը պայմանավորված է առավելապես տնտեսական քաղաքականությամբ և տնտեսական գործընթացներով։

 

Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող վերջին ամիսների պաշտոնական ցուցանիշները ցույց են տալիս, որ վիճակը վատթարանում է ։

 

Մասնավորապես, տնտեսական աճի տեմպը դանդաղում է, արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է մի քանի տասնյակ տոկոսով, բացակայում են մեծածավալ ներդրումները , տնտեսության իրական հատվածի, այսինքն արդյունաբերության , գյուղատնտեսության և շինարարության տեսակարար կշիռը

համախառն ներքին արդյունքի կառուցվածքում նվազել է այնքան, որքան չի եղել նորանկախ Հայաստանի տնտեսական կենսագրության օրոք։ Եվ այս պայմաններում փոխանակ ակտիվ իրականացվի տնտեսական ազատությունների և ներդրումների համատարած խթանման քաղաքականություն, կտրուկ մեծանում է ֆինանսական և հարկային ճնշումը բիզնեսի և քաղաքացիների ուսերին։

 

Շրջանառության հարկին, գույքահարկին, աղբահանության վճարներին, եկամտային հարկի հայտարարագրմանը ավելանում է ևս մեկ ճնշման միջոց։ Խոսքը վերաբերվում է «Վարչական դատավարության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներում այնպիսի մի փոփոխության, համաձայն որի, ասուհետ եթե որևէ բիզնեսի կամ քաղաքացու նկատմամբ կիրառվել է վարչական ակտ, ասենք նրանց տուգանելով, օրինակ 100 հազար, 1 մլն, կամ 100 մլն․ դրամ և ավելի գումար, ապա իհարկե, դուք կարող եք այն վիճարկել վարչական դատարանում, սակայն մինչ այդ, պարտադիր տույժը կամ տուգանքը պետք է վճարվի։ Հետագա տարիներին, կախված դատարանի վճռից, այդ գումարը ետ կստանան կամ ոչ։

 

Հետաքրքիր է, որքա՞ն են կազմում այդ տիպի գումարները ամբողջական և տարեկան։ Կարծում եմ միլիարդավոր դրամներ։

 

Եվ երբ դրանք դուրս են մղվում տնտեսական շրջանառությունից, պետությունը և հասարակությունը շահու՞մ են, թե՞ տուժում։

 

Եթե կա պետական բյուջեն ամեն գնով և ուժով լցնելու մտադրություն, թող ասեն, եթե ոչ, ապա մեր ժողովուրդը կշարունակի ուղղակի աղքատանալ։

 

Իսկապես,այս ամենը անհասկանալի է ։

 

Եվ վերջում, 750 մլն դոլար կազմող եվրապարտատոմսերի 7.1 գերբարձր տոկոսով տեղաբաշխումն իսկապես խոսում է ֆինանսական գերպակասորդի մասին», - գրել է Միքայել Մելքումյանը՝ սոցցանցում։

 

Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր ՝ 10 տարի մարման ժամկետով (մարման օրը ՝ 2035 թվականի մարտի 12) ։ Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է 7.1%, արժեկտրոնային եկամտաբերությունը' 6.75% (տեղաբաշխման արժեքը' 97.524%): Ինչպես նշվել է Ֆինանսների նախարարության կայքում,  դա կապիտալի միջազգային շուկայում Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է, որը նախատեսված էր "2025 թվականի պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքով և ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում։ Եվրապարտատոմսերի թողարկումից զուտ մուտքերը կուղղվեն պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը (609 մլրդ դրամ-խմբ.):