Արմինֆո. Հայաստանը և Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը կհամագործակցեն կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելը կանխելու հետ կապված հարցերում: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած համապատասխան համաձայնագրի նախագծին:
Նախագծով կանոնակարգվում են պայմանավորվող պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Այդ մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ֆինանսների նախարարի խոսքով համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երեւանում եւ ունի երկու հիմնական նպատակ. բացառել եկամուտների կրկնակի հարկումը եւ այդպիսով նվազեցնել եկամտային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի եւ ներդրումների վրա: Այն հնարավորություն է տալիս խրախուսել ձեռնարկատիրական գործունեությունը՝ ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար, ինչպես նաեւ ձեւավորել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ:
ԱԺ հաղորդագրության համաձայն, զեկուցողը նշել է, որ փաստաթուղթը համարվում է միջազգային պայմանագիր, ունի գերակայություն ազգային օրենսդրության նկատմամբ եւ ի տարբերություն ազգային օրենսդրությունների՝ շատ ավելի քիչ է ենթարկվում փոփոխությունների:
Համաձայնագրով երկու պետությունների հարկային մարմինների միջեւ նախատեսվում է համագործակցության հաստատում:
Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը: