Արմինֆո. 2024 թվականին Հայաստանից արտահանվել է 144 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը 2023 թվականի ցուցանիշից ավելի է 11 հազար տոննայով կամ 8,3 տոկոսով։ Այդ մասին ՀՀՀ-ին հարցազրույցում հայտարարել է գյուղատնտեսության ոլորտը համակարգող էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Նրա ասելով՝ 2024 թվականին հաջողվել է 14% աճ գրանցել նաև ագրոարդյունաբերական արտադրանքի արտահանման գծով։ Խոջոյանը նշել է, որ արժեքային արտահայտությամբ ևս նույն աճ է գրանցվել։ Ընդ որում, չրերի արտահանումը քանակական արտահայտությամբ նվազել է 25%-ով, սակայն արժեքային արտահայտությամբ գրանցվել է 60% աճ ։ "Սա նշանակում է, որ խոսքը գնում է բարձր գնային կատեգորիայի փաթեթավորված արտադրանքի մասին, ինչը համահունչ է մեր քաղաքականությանը", - ասել է փոխնախարարը:
Չնշելով լիտրաժները՝ Խոջոյանը նշել է, որ դիտվում է նաև կոնյակի սպիրտի արտահանման նվազում՝ 4% - ով, սակայն շշալցված կոնյակի մատակարարումները մեկ տարվա ընթացքում աճել են 6%-ով:
Ընդ որում, ինչպես պատմել Է փոխնախարարը, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին հաջողվել է 48 անգամ ավելացնել ծաղիկների արտահանումը։ Նրա ասելով՝ 2024 թվականին Հայաստանից արտաքին շուկաներ է մատակարարվել 565 տոննա ծաղիկ՝ 2023 թվականի 11.4 տոննայի դիմաց։
Հղում անելով վիճակագրական տվյալներին՝ Խոջոյանը նշել է, որ Հայաստանի ագրոհատվածը տարեկան 1,6 տոկոս աճ է գրանցել, հաշվի առնելով ձկնաբուծությունը, աճը կազմել է 1,9 տոկոս: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը ձկնաբուծության հետ միասին գերազանցել է 1 տրլն դրամը:
Չնայած գրանցված ցուցանիշներին՝ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գյուղատնտեսության առջև կանգնած են մի շարք մարտահրավերներ, որոնք, առաջին հերթին, կապված են կլիմայի փոփոխության հետ։ Իսկ դա, ինչպես նշել է փոխնախարարը, իր հետ բերում է նոր հիվանդություններ, վնասատուների ակտիվացում, ինչը խոսում է ֆերմերների կողմից մոտեցումների անհրաժեշտության մասին Նա նշել է նաև բնական ռեսուրսների, այդ թվում ՝ ջրի, հողի պակասը։ Խոսելով հողի մասին՝ Խոջոյանը հավելել է, որ Հայաստանում ֆերմերները, հիմնականում, օգտագործում են քիմիական պարարտանյութեր, ինչը ոչ միայն իջեցնում է հողի որակը, այլև բացասաբար է ազդում բերքատվության վրա: