Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը տապալել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ներկայացրած "Պետական կենսաթոշակների մասին" օրենքում փոփոխությունների շուրջ քվեարկությունը: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել ընդամենը 32 պատգամավոր՝ 58 դեմ և 1 ձեռնպահ:
Հիշեցնենք, որ, ըստ օրենքի նախագծի, առաջարկվում էր 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել պարենային զամբյուղի ամսական արժեքից ոչ պակաս, իսկ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը ՝ սպառողական զամբյուղի ամսական արժեքից ոչ պակաս։ Որպես հիմք առաջարկվում էր հաշվի առնել Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող ամսական տվյալները, որոնք հաշվարկված են տվյալ բյուջետային տարվան նախորդող յուրաքանչյուր տարվա երրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով: Առաջարկվում էր նաև կառավարությանը վերապահել պարենային զամբյուղի մեջ մտնող սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկ արժեքի որոշումը և աշխատանքային կենսաթոշակի միջին չափի հաշվարկման կարգը:
Հիմնավորելով իշխանությունների դիրքորոշումը՝ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ կառավարության ծրագրի համաձայն, նշված նպատակի իրագործումը ներկայացված է կառավարության 2021-2026 թվականների ծրագրում: Հենց 2026 թվականին է նախատեսվում լուծել այդ խնդիրը:
Հայկ Կոնջորյանն ընդգծել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը լրացուցիչ 350 մլն դոլար է ուղղել կենսաթոշակների բարձրացմանը: Այդ իսկ պատճառով խմբակցությունը դեմ է քվեարկելու ներկայացված փաստաթղթին, որն ավելի շուտ ինքնանպատակ բնույթ է կրում։
Մինչդեռ, ինչպես կարծում է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, արդեն բարձրացված կենսաթոշակները հեռու են հայտարարված նպատակներից։ Ավելին, նշված ժամանակահատվածում երկրի պետական պարտքն ավելացել է մոտ 7 մլրդ դոլարով։ "Այս ֆոնին հայտարարվում է, որ երկրի իշխանությունները գնում են մինչև 2026 թվական նպատակին հասնելու ճանապարհով։ Ըստ էության, կառավարող խմբակցությունը դեմ է քվեարկել իր իսկ հայտարարած նպատակներին", - ընդգծել է խորհրդարանականը։