Արմինֆո. Հայաստանը և Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը կհամագործակցեն կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելը կանխելու հետ կապված հարցերում: ՀՀ Ազգային ժողովը մարտի 26-ի լիագումար նիստում վավերացրել է համաձայնագրի համապատասխան նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ փաստաթուղթը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում: Այն կարգավորում է պայմանավորվող կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերություններում ծագող հարկային հարցերը: Փաստաթուղթը հետապնդում է երկու հիմնական նպատակ՝ եկամուտների կրկնակի հարկման վերացում և դրանով իսկ փոխադարձ առևտրի և ներդրումների վրա բացասական ազդեցության նվազեցում, ինչը թույլ կտա խթանել ձեռնարկատիրական գործունեությունը՝ ստեղծելով մրցակցային և բարենպաստ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար։ Նախատեսվում է նաև ձևավորել կանխատեսելի և կայուն հարկային համակարգ ։
Համաձայնագիրը փոխադարձության հիման վրա սահմանում է եկամուտների ստացման երկրում եկամուտների հիմնական տեսակների ՝ շահաբաժինների, տոկոսների և ռոյալթիների հարկման պայմաններն ու դրույքաչափերը: Փաստաթուղթը նախատեսում է երկու երկրների հարկային մարմինների համագործակցություն, որը ներառում է կրկնակի հարկման հարցերով վեճերի լուծման հնարավորություններ, ինչպես նաև տեղեկատվության փոխանակում ՝ հարկերից խուսափելը կանխելու նպատակով: Համաձայնագրի վավերացումը հնարավորություններ կընձեռի Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի միջև ապրանքների և ծառայությունների շրջանառության, կապիտալի շարժի, տեխնոլոգիաների և մարդկանց զարգացման համար, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:
Նշենք, որ չինական կողմն արդեն վավերացրել է ներկայացված փաստաթուղթը։