
Արմինֆո. Թվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` «ALAN» կազմակերպության ներկայացուցիչներ Ադրիեն Սարգի և Ժան-Շառլ Սամուելյանի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրության մեր տեսլականը, խոսել այս ուղղությամբ տարվող աշխատանքներից:
«Եթե սկսենք 2026 թվականի հունվարի 1-ից, ապա երեք տարում կհասնենք մինչև 80% ապահովագրական ծածկույթի: Սա կհանգեցնի առողջապահական ծառայությունների առումով սոցիալական արդարության ապահովմանը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` կարևորելով ապահովագրության ներդրումից առաջ առողջապահության ոլորտի ամբողջովին թվայնացումը:
Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկայացվել են էլեկտրոնային ապահովագրության համակարգի առավելությունները, քննարկվել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մոդելը, գործընթացը։
Ապահովագրության ներդրման գործում օբյեկտիվ ու մասնագիտական մոտեցում ապահովելու համար Անահիտ Ավանեսյանն ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցությունն ու նրանց աջակցությունը:
Ֆրանսիական առաջատար փորձի փոխանակման համար ևս երկու օր «ALAN» ապահովագրական կազմակերպության ներկայացուցիչների հետ կլինեն հանդիպումներ ու աշխատաժողովներ: