Ուրբաթ, 28 Մարտի 2025 14:51
Ալինա Հովհաննիսյան

Հայկական ագրոբիզնեսին կօգնեն դուրս գալ ԵՄ և Շվեդիայի շուկա. հայտարարվել է նախաձեռնության մեկնարկի մասին

Հայկական ագրոբիզնեսին կօգնեն դուրս գալ ԵՄ և Շվեդիայի շուկա. հայտարարվել է նախաձեռնության մեկնարկի մասին

Արմինֆո. Միջազգային առևտրի կենտրոնը (ITC)՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Շվեդիայի առևտրի ազգային խորհրդի հետ համատեղ ջանքերով և  Հայաստանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ հայտարարում են  նոր նախաձեռնության մեկնարկի մասին, որը կարող է շրջադարձային լինել՝ ընդլայնելով հայաստանյան ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունների  հնարավորությունները Շվեդիայում և ԵՄ-ում։

Ինչպես ասվում է Հայաստանում ԵՄ առաքելության հաղորդագրությունում, նախաձեռնության շրջանակներում, 2025 թ․մարտի 27-28-ը, ագրոբիզնեսի ոլորտի  հայկական ՓՄՁ-ները մասնակցում են  «Ձեր մուտքը դեպի Շվեդիա և ԵՄ․ հնարավորությունների բացահայտում սննդամթերքի շուկայում» աշխատաժողովին։

Միջոցառումը մեկնարկել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պատրիկ Սվենսոնի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ծրագրի ղեկավար պարոն Յոսիպ Յուրիկի բացման խոսքերով: Նրանք կարևորել են միջոցառման դերը՝ այն համարելով նշանակալի և արդյունավետ նախաձեռնության սկիզբ։

Աշխատաժողովը, որի մաս են կազմում գործնական խմբային վարժությունները, Հայաստանի ձեռնարկություններին տրամադրում է արժեքավոր տեղեկություններ շուկայի միտումների, առևտրի հոսքերի, կարգավորումների, գնորդների պահանջների, լոգիստիկայի և այլ հարցերի վերաբերյալ՝ Շվեդիա և ԵՄ շուկա մուտք գործելու նպատակով: Նշենք, որ ծրագրի բյուջեի մասին չի հաղորդվում: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Շվեդիայի հետ 2024 թվականին կազմել է 28.1 մլն դոլար, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշին զիջում է 32.2% - ով։ Մասնավորապես, արտահանումը կրճատվել է 80,5% - ով՝ մինչեւ 224.1 հազար դոլար՝ ներմուծման 30,8% - ով կամ մինչեւ 27.9 մլն դոլար անկման ֆոնին։

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել Է 11,7% - ով' կազմելով 2.3 մլրդ դոլար: Ընդ որում, արտահանման ծավալները տարվա ընթացքում նվազել են 13,8% - ով' մինչև 611.6 մլն դոլար՝ ներմուծման 11%  կամ մինչև 1.7 մլրդ դոլար անկման ֆոնին: