
Արմինֆո. Երեւանում տեղի է ունեցել "Կովկաս. շինարարություն և վերանորոգում EXPO-2025" 21-րդ միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին մասնակցել են Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի և Ռուսաստանի ավելի քան 130 ընկերություններ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի խոսքով՝ նման ցուցահանդեսների կազմակերպումը շատ կարևոր է յուրաքանչյուր պետության և տնտեսության համար: Նա ընդգծել է, որ դրանք արդյունավետ հարթակներ են, որոնք լայն հնարավորություններ են ընձեռում գործարարներին միջազգային պայմանագրեր կնքելու, հետագա համագործակցության և վաճառքների ընդլայնման համար:
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը: Նա գոհունակությամբ նշել է, որ վերջին հինգ տարիներին Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառության կանոնավոր աճ է նկատվում, իսկ 2024 թվականին այդ ցուցանիշը հասել է 250 մլն դոլարի։ Դա, դեսպանի գնահատմամբ, շատ արժանի ցուցանիշ է երկու երկրների համար։ Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ այդ ցուցահանդեսը հնարավորություն կտա մասնակիցներին կնքել բազմամիլիոնանոց նոր պայմանագրեր:
Նշենք, որ ցուցահանդեսը տեղի է ունենում մարտի 28-30-ը Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են.՝ շինարարական տեխնոլոգիաներ, շինարարական սարքավորումներ, վերանորոգում, հարդարման նյութեր, շինարարական գործիքներ, նախագծում, ինտերիերի դիզայն, ջեռուցման տեխնիկա, շինարարական ծառայություններ, օդորակման համակարգեր, լողավազաններ և սաունաներ, փայտամշակման սարքավորումներ, դռներ և պատուհաններ, շինարարական քիմիա, կերամիկա, քար, կահույք, լուսավորություն, սանտեխնիկա, հովացման տեխնոլոգիաներ:
Ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը՝ LOGOS EXPO Center-ի հետ համագործակցությամբ: