
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ներկայացուցիչների համատեղ առաքելության հետ:
Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ և ԶՖԳ կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրին առնչվող մի շարք կարևոր հարցեր:
Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակը ներառում է մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության, ինչպես նաև պետական պարտքի կառավարման ոլորտներում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականության բարելավմանը, ֆինանսական գործիքների ընդլայնմանը, ինչպես նաև թափանցիկության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վարկային միջոցների ներգրավման համար կազմված քաղաքականության աղյուսակի գործողություններին, դրանց իրականացման ընթացքին, ինչպես նաև ակնկալվող արդյունքներին:
Կողմերն ընդգծել են Ծրագրով նախատեսված միջոցառումների և բարեփոխումների կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի խթանման տեսանկյունից՝ արժևորելով արդյունավետ համագործակցության շարունակականությունը ռազմավարական գործընկերության համատեքստում:
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը դոլարային արտահայտությամբ աճել է մոտ 997 մլն դոլարով՝ հասնելով 12 մլրդ 842.2 մլն դոլարի (2023 թվականի վերջի 11 մլրդ 845.4 մլն դոլարից)։ Դրամային համարժեքով ցուցանիշն աճել է 4 տրլն 794.9 մլրդ-ից մինչև 5 տրլն 092.7 մլրդ դրամ: Մասնավորապես, հանրապետության Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, 2024 թվականի 12 ամիսների ընթացքում ԱՄՆ արժույթով կառավարական պարտքը 11 մլրդ 294.6 մլն դոլարից (404.79 դրամ/1դոլար) աճել է մինչև 12 մլրդ 338.2 մլն դոլար (387.05 դրամ/1դոլար), իսկ դրամով պարտքը 4 տրլն 571.9 մլրդ-ից հասել է 4 տրլն 892.8 մլրդ դրամի: ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը կազմել է 396.56 դրամ/1դոլար (2023-ի վերջին՝ 404.79 դրամ/1դոլար)։
Հայաստանի կառավարության ամենախոշոր վարկատուն (արտաքին վարկեր) մնում է Համաշխարհային բանկը. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին և Զարգացման միջազգային ասոցիացիային բաժին է ընկնում ՀՀ պետական պարտքի 37.6% - ը: Երկրորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է՝ 21.2%, երրորդ տեղում Եվրասիական զարգացման բանկն է՝ 8.4%, որին հաջորդում են Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 3.4%, և Եվրոպական ներդրումային բանկը՝ 3.1%: ԵՄ - ից արտաքին վարկերը արտաքին պարտքի կառուցվածքում կազմել են 1.5%, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից՝ 1%, ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամից՝ 3%, ՎԶԵԲ - ից՝ 0.9%: Խոշոր վարկատու երկրների շարքում առաջին տեղում ՌԴ-ն է՝ 5.3% (6.2% ՝ 2023 թվականի վերջին), ԳԴՀ-ը՝ 4.5%, Ճապոնիան ՝ 2.7%, Ֆրանսիան՝ 6.7%, Չինաստանը՝ 0.3%, իսկ ԱՄՆ-ը՝ կառավարության արտաքին պարտքի ընդամենը 0.2% - ը։