Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025 12:05
Ալինա Հովհաննիսյան

«Ճանապարհային դեպարտամենտը» հաղորդում է Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում աշխատանքների ակտիվ փուլի մասին

«Ճանապարհային դեպարտամենտը» հաղորդում է Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում աշխատանքների ակտիվ փուլի մասին

Արմինֆո. Եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ ավելի մեծ թափ են ստացել Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքները։ Ինչպես հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մամուլի ծառայությունը, կապալառու կազմակերպությունը մեծացրել է իր ռեսուրսները։ Շինհրապարակում աշխատում է 155 միավոր տեխնիկա, 248 աշխատող։ Ներգրավված են նաև տարածաշրջանի բնակիչներ, ինչպես նաև տեղական շինարարական կազմակերպություններ՝ որպես ենթակապալառու, ինչը լուծում է որոշակի սոցիալական խնդիրներ։ Բացի այդ, տեղի շինկազմակերպություններն ու մասնագետները, համագործակցելով միջազգային բազմաթիվ ծրագրերում մեծ փորձ ունեցող կապալառուի հետ, ձեռք են բերում մեծ փորձառություն, ծանոթանում են նորագույն տեխնոլոգիաների նրբություններին։

 

Աղբյուրի համաձայն, շինհրապարակում այս պահին իրականացվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, պայթեցումներ, կառուցվում է հողային պաստառը և այլն։ Ընթանում է Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցներից մեկի կառուցումը. կատարվում է բետոնացում, կառուցվում են արհեստական կառույցների հիմքերը։ Շարունակվում են նաև 360մ երկարություն ունեցող թունելի հորատման աշխատանքները. արդեն իսկ հորատվել է ավելի քան 180մ։

 

Քաջարան-Ագարակ ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

 

Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել և 17 կամուրջ, որոնցից ամենաերկարը 720 մետր է։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ "Հյուսիս-Հարավ" ավտոմոբիլային ճանապարհի 32-կիլոմետրանոց Քաջարան - Ագարակ (Տրանշ-4) հատվածի շինարարության կապալառուն իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ընկերությունների համատեղ ձեռնարկություն է: Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացնում է խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering ընկերությունը:

 

Դեռևս 2023 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ), որի միջոցները տնօրինում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), 150 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի չորրորդ տրանշի կառուցման համար։ Հիշեցնենք, որ "Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա իրանական սահմանից մինչև վրացական սահման հեռավորությունը 556-ից կրճատել մինչև 490 կմ: Ճանապարհը էապես կհեշտացնի ելքը դեպի Սև ծով՝ ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։ Նախագիծը կապահովի ելք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի - Կապան - Գորիս-Երևան - Աշտարակ - Գյումրի - Բավրա) և Վրաստանի տարածքով: Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին ։ Ծրագրի արժեքը մշտապես վերանայվել է դեպի բարձրացում։ Մինչդեռ, 2012թ. սեպտեմբերին, երբ սկսվեց ավտոմայրուղու շինարարությունը, գումարը, որը նշում էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, մի քանի անգամ պակաս էր՝ 962 մլն դոլար։

 

Նշենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը  8,513 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը հիմնադրվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից: Հիմնադրամը ստեղծվել է բացասական ճգնաժամային հետևանքների հաղթահարման, երկարաժամկետ կայունության ապահովման և հիմնադրամի մասնակից պետությունների տնտեսությունների ինտեգրմանն աջակցելու նպատակով: Հիմնադրամը մասնակից պետություններին տրամադրում է հետեւյալ աջակցությունը. կառավարություններին ֆինանսական վարկեր՝ մասնակից պետությունների բյուջեներին եւ (կամ) վճարային հաշվեկշիռներին աջակցելու համար, ներդրումային վարկեր ՝ մասնակից պետություններին կամ ընկերություններին, դրամաշնորհներ ՝ սոցիալական ոլորտում պետական ծրագրերի ֆինանսավորման համար ։