Արմինֆո. Մարտի 31-ից ապրիլի 2-ը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Էստոնիայի Հանրապետությունում։ Պատվիրակությանը միացել էր նաև Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։
Լիտվայում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, այցի նպատակն էր ուսումնասիրել Էստոնիայի փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտներում, ինչպես նաև անցկացնել մի շարք հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ՝ երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու նպատակով։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, ՀՀ պետական եկամուտների նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Նարեկ Ադամյանը, «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
Ապրիլի 2-ին պատվիրակությունը հանդիպել է նաև Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Քննարկվել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, այդ թվում՝ թվայնացման գործընթացները, կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը, արհեստական բանականության կարգավորումները:
Կողմերն ընդգծել են նշված ոլորտներում սերտ և շարունակական համագործակցության անհրաժեշտությունը՝ այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
Հանդիպումից հետո պատվիրակությունը մասնակցել է Էստոնիայի ԱԳՆ-ում կազմակերպված աշխատանքային զեկույցներին և թեմատիկ քննարկումներին, որոնք նվիրված էին թվային կառավարման և կիբեռանվտանգության ոլորտի առաջատար փորձին։