Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 11:27
Ալեքսանդր Ավանեսով

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի տնտեսության զարգացման վրա. հետազոտություն

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի տնտեսության զարգացման վրա. հետազոտություն

Արմինֆո ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 3-ին հանդիպել է «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիի, կազմակերպության Հայաստանի պատասխանատու Դմիտրի Չերվիակովի,  Գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն Մերի Նավասարդյանի, պատվիրակության  անդամ Յենթե Մորկի հետ:

 

ԱԺ հաղորդագրության համաձայն, «Berlin Economics» անկախ խորհրդատվական կազմակերպության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչին  ներկայացրել է Հայաստանի տնտեսական եւ էներգետիկ համակարգի ոլորտներում ընկերության    իրականացրած հետազոտության ցուցանիշների  վերաբերյալ կատարված վերլուծությունները  եւ  ուսումնասիրությունները, պատասխանել հնչած  հարցերին:

 

Ներկայացնելով տնտեսական ոլորտում իրականացված վերլուծության արդյունքները՝ Ռիկարդո Ջիուչին մասնավորապես նշել է, որ Հայաստանում վերջին 5-6 տարվա ընթացքում ՀՆԱ-ն դոլարով արտահայտված կրկնապատկվել է: «Այստեղ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով ավելի բարձր է, քան, օրինակ, հարեւան Ադրբեջանում»,- նշել է բանախոսը:

 

Անդրադարձ է եղել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի  ստորագրման պարագայում մեր երկրի տնտեսության վրա փաստաթղթի դրական ազդեցությանը: Ըստ ներկայացված վերլուծության՝ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի նաեւ Թուրքիայի հետ ուղիղ առեւտրաշրջանառություն ունենալուն,  երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացմանը, Հայաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ավելացմանը, ծախսերի կրճատմանը:

 

Շնորհակալություն հայտնելով իրականացված վերլուծության համար՝ հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարեւորել է խաղաղության պայմանագրի կնքումը՝ նշելով, որ ստորագրման պարագայում այն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում թե՛ խաղաղության ապահովման, թե՛ տնտեսական առումներով: