
Արմինֆո. 2025թ. ապրիլի 2-ին, Վիլնյուսում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության և Լիտվայում ՀՀ պատվավոր հյուպատոս Կարապետ Բաբայանի համագործակցությամբ, տեղի է ունեցել «Հայաստան՝ բնավորությամբ երկիր» զբոսաշրջային ուղեցույցի շնորհանդեսը։
Ինչպես հաղորդում են Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը, ուղեցույցը հրատարակվել է 2024թ. դեկտեմբերին՝ Կարապետ Բաբայանի հովանավորությամբ։ Ուղեցույցի նպատակներն են. նպաստել Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը, ավելացնել Հայաստանի մասին իրազեկվածությունը, ներկայացնել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, որին հաջորդել է ուղեցույցի խմբագիր Օնա Նոսեվիչիենեի ելույթը։
Շնորհանդեսին ներկա են եղել Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Լիտվայի ԱԳՆ և պետական գերատեսչությունների պաշտոնյաներ, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, լիտվական առաջատար Lrytas լրատվական գործակալության լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Միջոցառումը հյուրընկալել է Վիլնյուսի հայտնի HeJi ժամանցային կենտրոնը՝ Հրանց ընտանիքի հովանավորությամբ։