Չորեքշաբթի, 9 Ապրիլի 2025 11:20
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ փոխվարչապետ. ԱՄՀ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի

ՀՀ փոխվարչապետ. ԱՄՀ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի

Արմինֆո Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը:


Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում փոխվարչապետը ընդգծել է ԱՄՀ հետ համագործակցության առանցքային նշանակությունը Հայաստանի համար՝ կարևորելով ԱՄՀ պահուստային ծրագրի ներքո կատարված բարեփոխումները:

Զրուցակիցները քննարկել են հարկաբյուջետային և տնտեսական քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը ԱՄՀ անդամ է դարձել 1992թ. ապրիլի 28-ին: Անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՀ հայաստանյան առաքելության արդյունքում, որը տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 18-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը, և հետագա քննարկումների արդյունքում ձեռք է բերվել աշխատանքային համաձայնություն ԱՄՀ-ի կողմից աջակցվող եռամյա պահուստային ծրագրի չորրորդ վերանայման վերաբերյալ։ Վերանայումը հաստատվել է ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից՝ 2025 թվականի դեկտեմբերին, որից հետո հանրապետության համար հասանելի է դարձել 24,5 մլն դոլար (18,4 մլն SDR) ։ Այդպիսով՝ հասանելի միջոցների ընդհանուր գումարը ավելացել է մինչեւ 122,7 մլն դոլար(92 մլն SDR). Ծրագիրը կրում է կանխարգելիչ բնույթ, իսկ փոխառու միջոցներն ուղղված են տնտեսության արտաքին ֆինանսական կարիքների բավարարմանը, որոնք առաջանում են ապագա հնարավոր ցնցումներից: