Արմինֆո. Հայաստանի կառավարությունը ապրիլի 10-ին հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գիտահետազոտական աշխատանքների կատարման ծառայությունների ոլորտների գծով վարչական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը:
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, համաձայնագրի նախագիծը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված պայմանագրի 68-րդ հոդվածով, համաձայն որի ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինները արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով միմյանց աջակցություն են ցուցաբերում, ինչպես նաև՝ տեղեկությունների փոխանակումն ապահովելու նպատակով կնքում են համաձայնագրեր։ Այդպիսի համագործակցությունը ներառում է անդամ պետությունների իրավասու մարմինների միջև տեղեկությունների օպերատիվ փոխանակում Կողմերի կողմից ներգրավված մարմինների միջև:
Նշվում է, որ համաձայնագրի նախագիծն ուղղված է գիտահետազոտական աշխատանքների իրականացման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի շրջանակում ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև վարչական համագործակցության կանոնակարգմանը։
Փաստաթուղթը սահմանում է վարչական համագործակցության իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության հրապարակման ընթացակարգերը, տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ հարցման լրացման կարգը, հարցում ստանալու պարագայում դրա հետագա ընթացքն ապահովելու կարգը։
«Համաձայնագրի ստորագրումը բխում է գիտահետազոտական աշխատանքների իրականացման ոլորտում Եվրասիական տնտեսական միության ծառայությունների միասնական շուկայի շրջանակում անդամ-պետությունների միջև փոխգործակցության կանոնակարգման անհրաժեշտությունից։
Համաձայնագրի կնքումը թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձանց և կառույցներին գիտահետազոտական աշխատանքների իրականացման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների հետ ըստ անհրաժեշտության զարգացնել փոխշահավետ համագործակցություն՝ այսուհետ առաջնորդվելով ծառայությունների ոլորտում տեղեկատվության փոխանակման միասնական կարգով: Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա նաև իրականացնել գիտահետազոտական աշխատանքների կատարման ծառայությունների թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում՝ համապատասխան հարցման համար Համաձայնագրով սահմանվող պահանջներին համաձայն», - ասվում է հիմնավորման մեջ։