Արմինֆո. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ապրիլի 10-ին հյուրընկալվել է Դուբայի միջազգային պալատի պատվիրակությունը։
Ինչպես նշել է կառույցի միջազգային գործընկերության գծով տնօրեն Սումայա Ալ Շամսին՝ Հայաստան իրենց առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ այն ուղղություններին, որոնցում կարելի է զարգացնել տնտեսական երկկողմ համագործակցություն։ Նրա հավաստմամբ՝ Դուբայը ներկայացնող գործարարների շրջանում մեծ է հայաստանյան ընկերությունների հետ գործակցության հետաքրքրվածությունը, ինչի նպատակով առաջիկա աշնանը նախատեսում են այստեղ կազմակերպել ներկայացուցչական միջոցառում երկու կողմերի տնտեսվարողների մասնակցությամբ։ Մինչ այդ կուսումնասիրվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, փոխգործակցության հնարավորությունները, ներդրումային ներուժը, իրավական դաշտը։ Այդ նպատակով պատվիրակությունը նախատեսում է հանդիպումներ ունենալ պատկան տարբեր կառույցների, գործարար համայքի ներկայացուցիչների հետ։
Դուբայի միջազգային պալատի կառուցվածքին ու գործունեության հիմնական ուղղություններին անդրադարձել է գործարարության խթանման միջոցառումների ղեկավար Ռանա Մոհամմեդը՝ հանգամանալի կանգ առնելով իրականացվող միջազգային ծրագրերի վրա։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաքելությունն ու գործունեությունը ներկայացրել է ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Անդրադառնալով Հայաստանի և ԱՄէ–ի մինչև հաստատված տնտեսական կապերին` նա համոզմունք է հայտնել, որ առկա է դրանց հետագա զարգացման մեծ ներուժ։ Մասնավորապես որպես հեռանկարային ուղղություններ նշվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, դեղագործական, էներգետիկայի, շինարարության, զբոսաշրջության և այլ ոլորտները։
Կողմերը պայմանավորվել են շփումները դարձնել պարբերական, հավաքագրել գործարար շրջանակների փոխադարձ հետաքրքրությունները, փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ՀԱԳՄ նախագահի գլխավոր խորհրդական Հրայր Զորյանը, ՀՀ–ում ԱՄԷ դեսպանության տնտեսական հարցերի գծով պատասխանատու Մարիա Զալյանը, ԴՄՊ արարողակարգի և լոգիստիկայի ծրագրի ղեկավար Ղայե Ալ Շամսին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաղորդել էր, որ 2024 թվականին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 5,7 մլրդ դոլարը: Մինչդեռ, ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, 2025 թվականի հունվար-փետրվարին դիտվել է ԱՄԷ հայկական ապրանքների արտահանման դինամիկայի մի քանի անգամ վատթարացում՝ մինչև 81,9%՝ ԱՄԷ-ից ապրանքների ներմուծման 30,7% - ից մինչև 82,1% արագացած աճի դեպքում, որոնց մեծությունները կազմել են, համապատասխանաբար, 226,1 մլն դոլար և 147,7 մլն դոլար: