Ուրբաթ, 11 Ապրիլի 2025 15:15
Ալեքսանդր Ավանեսով

ՎԶՄԲ-ը Հայաստանին 102 մլն եվրո վարկ կտրամադրի առողջապահական համակարգի բարեփոխումների համար

ՎԶՄԲ-ը Հայաստանին 102 մլն եվրո վարկ կտրամադրի առողջապահական համակարգի բարեփոխումների համար

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրված «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այդ մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 11-ի նիստում  քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով ծրագրի նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը եւ նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները: Ծրագիրը գործելու է մինչեւ 2029 թվականի սեպտեմբերի 30-ը:

Նշվել է, որ վարկը հիմնականում  օգտագործվելու է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակով:

102,000,000 վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է, վարկի մարման ժամկետը՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի:

Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին, իսկ մայր գումարի մարումն իրականացվելու է՝ սկսած 2039 թվականի հուլիսի 15-ից մինչեւ 2049 թվականի հունվարի 15-ը՝ վարկի գումարի 5 տոկոս հավասարաչափ չափաբաժիններով:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրինագծին:

Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը,  նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: