
Արմինֆո. Հայաստան ներթափանցող ցիկլոնը խնդիրներ է առաջացրել երկրի ճանապարհներին։
Ինչպես հաղոդում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ապրիլի 15-ի առավոտյան դրությամբ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մասնավորապես, փակ է "Ամբերդ" բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատար ավտոմեքենաների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Աղբյուրը նշում է, որ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի տարբեր հատվածներում, բացառությամբ Կապան և Մեղրի քաղաքների, Սարավան-Զանգեր ավտոճանապարհի հատվածում, Երևան - Սևան ավտոճանապարհին և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի բարձր լեռնային շրջաններում, Դիլիջանի ոլորաններում, Զորական, Հաղթանակ գյուղերում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: