Չորեքշաբթի, 23 Ապրիլի 2025 12:34
Նաիրա Բադալյան

ՀՀ կառավարությունը հաստատել է ԱՊՀ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վրա կնիքներ և դրոշմակնիքներ դնելու կարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է ԱՊՀ մաքսային մարմինների կողմից տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վրա կնիքներ և դրոշմակնիքներ դնելու կարգը

Արմինֆո. ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ին հավանություն է տվել 2024 թվականի սեպտեմբերի 27-ին քաղաք Նիժնի Նովգորոդում ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության մաս­նակից պետությունների մաքսային մարմինների կողմից տրանսպորտային (փո­խադրման) և առևտրային փաստաթղթերի վրա մաքսային մարմինների կնիք­ները և դրոշմակնիքները դնելու կարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

 

Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ստորագրված

համաձայնագրի նպատակն է  ապահովել տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերի նույնականացման նկատմամբ արդյունավետ մաքսային հսկողությունը՝ տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի հսկողության համար, ինչպես նաև սահմանել ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային տրանսպորտի տեսակներով ապրանքների տեղափոխման և խառը տեղափոխման ժամանակ մաքսային սահմանների հատման վայրերում տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերի վրա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային մարմինների կնիքները և դրոշմակնիքները դնելու կարգը:

 

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Բելառուսի Հանրապետության մաքսային կոմիտեի, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայության, Դաշնային մաքսային ծառայության (Ռուսաստանի Դաշնություն), Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային ծառայության և Ուզբեկստանի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի կողմից:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն այն ստորագրած Կողմերի կողմից կատարվելու մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու ամսաթվից 30 օրը լրանալուց հետո։