Արմինֆո. Հայկական «Balchug Capital» («Balchug») ընկերությունը հայտարարել է «Goldman Sachs Group»-ի կողմից վերահսկվող «OOO Goldman Sachs Bank» ռուսական բանկի ձեռք բերման գործարքի փակման (կայացման) մասին։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ կողմերը կնքել էին առուվաճառքի պայմանագիր և ստացել պաշտոնական թույլտվություն։ Այդ մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
Մինչդեռ, ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, ներդրումային հիմնադրամը, գործարքի պայմանների համաձայն, ձեռք է բերել բանկը ընթացիկ լիցենզիայով, սակայն վարկային կազմակերպությունը կշարունակի աշխատել նոր անվան տակ:
Ըստ ՌԲԿ-ի տվյալների՝ Balchug Capital ՓԲԸ դարձել է Goldman Sachs Bank-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր՝ ապրիլի 23-ին: Բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 1,45 միլիարդ ռուբլի:
Գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի վերջին թույլատրել է Balchug Capital-ին ձեռք բերել Goldman Sachs Bank ՍՊԸ-ն, իսկ ապրիլի սկզբին՝ ռուսական յոթ էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերը Goldman Sachs-ից, որն Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո հայտարարել Է Ռուսաստանում բիզնեսի դադարեցման մասին: Դրանք նախկինում Goldman Sachs-ին պատկանող "Ինտեր ՌԱՕ"-ի, "Գազպրոմ"-ի, "Ռոսնեֆտ"-ի, ՆՕՎԱՏԷԿ-ի, "Սուրգուտնեֆտեգազ"-ի, ԼՈՒԿՕՅԼ-ի և "Տատնեֆտ"-ի, ինչպես նաև "Ռոստելեկոմ"-ի և Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի բաժնետոմսերն են:
Ամերիկյան ընկերությունը ձերբազատվել է նաև մի շարք ռուսական ընկերությունների բաժնեմասերից, այդ թվում ՝ Cian PLC-ի, եւ նվազեցրել է բաժնեմասը HeadHunter Group PLC-ում:
Balchug Capital հիմնադրամը (նախկին անվանումը՝ Copperstone Capital) ներդրումային ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Երեւանում: Այն հիմնադրվել է 2010 թվականին՝ Դավիթ Ամարյանի կողմից: Նախկինում զբաղվել է, հիմնականում, անշարժ գույքով։
Օրինակ, 2023 թվին հիմնադրամը ձեռք է բերել "Մետրոպոլիս" առևտրի և զվարճանքի կենտրոնը՝ ամերիկացի ներդրողներից, իսկ 2024թ. դեկտեմբերին՝ Սիկտիվկարի նրբատախտակի գործարանը՝ Ռուսաստանում նրբատախտակի խոշորագույն արտադրողներից մեկը։
Balchug Capital-ի հաղորդագրության համաձայն, իր ներդրումային գործունեության շրջանակում և տեղական ու միջազգային կանոնակարգերին լիարժեք համապատասխանությամբ «Balchug»-ն աջակցում է միջազգային ներդրողներին, ովքեր որոշել են հեռանալ ռուսական շուկայից: «Ուրախ եմ, որ գործարքը փակվել է: Մենք սերտորեն աշխատել ենք բոլոր համապատասխան մարմինների հետ, որպեսզի ապահովենք գործարքի լիարժեք համապատասխանությունը տեղական և միջազգային բոլոր օրենքներին և պատժամիջոցների կանոնակարգերին: Բանկն առանցքային դեր կխաղա Balchug Capital-ի պորտֆելում և թույլ կտա իրականացնել մեր երկարաժամկետ ռազմավարությունը, որը որդեգրել ենք մեր գործունեության բոլոր տարածաշրջաններում», - ասել է Balchug Capital-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Ամարյանը։
Ինչպես գրում է ՌԲԿ–ն, Balchug Capital հիմնադրամը (նախկին անվանումը՝ Copperstone Capital) կառավարում է 2 մլրդ դոլարի ակտիվներ։ Այն ստեղծվել է 2010 թվականին Վարդան և Դավիթ Ամարյան եղբայրների կողմից։ Դավիթ Ամարյանը մինչ այդ հինգ տարի աշխատել է գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած "Տրոյկա Դիալոգ" ներդրումային ընկերությունում:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Եվրասիական բանկի (ԵԱԶԲ) «ԵԱԶԲ-ի փոխադարձ ներդրումների մոնիթորինգը - 2024. Եվրասիական տարածաշրջան» հերթական զեկույցում ասվում էր, որ 2023 թվականին հայկական Balchug Capital ներդրումային ընկերության կողմից Մոսկվայի «Մետրոպոլիս» ԱՏ ձեռք բերման գործարքը, որը գնահատվում է 700 մլն դոլար, դարձել Է Եվրասիական տարածաշրջանում ամենախոշոր ներդրումներից մեկը։ Զեկույցում նշվում էր, որ հենց այդ գործարքի շնորհիվ Հայաստանը ցույց տվեց փոխադարձ կուտակված ներդրումների զգալի աճ ՝ Եվրասիական տարածաշրջանում 1,8 տոկոս մասնաբաժնով: Արդյունքում, տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի փոխադարձ ՕՈՒՆ-ներն ավելացել են ։ 2022 թվականի 62 մլն դոլարից մինչև 841 միլիոն դոլար 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով: Աճը կազմել է ավելի քան 13,5 անգամ կամ տարածաշրջանում Հայաստանի կուտակված ՕՈՒՆ-ի ընդհանուր ծավալի ավելի քան 80% - ը։ Ընդգծվել է, որ այդ նախագիծը ծավալով խոշորագույնն էր վերջին երկու տարվա ընթացքում Եվրասիական տարածաշրջանում գործարկված նոր գործարքների շրջանում։