Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 13:33
Նաիրա Բադալյան

Հայաստանի ֆինանսների նախարարը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՀ և ՀԲ ղեկավար մարմինների գարնանային նստաշրջանի շրջանակներում

Հայաստանի ֆինանսների նախարարը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՀ և ՀԲ ղեկավար մարմինների գարնանային նստաշրջանի շրջանակներում

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Վաշինգտոնում ընթացող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն, նախարար Հովհաննիսյանը, մասնավորապես, հանդիպել է ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Բո Լիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՀ պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքները, ինչպես նաև անդրադարձել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին և ոլորտի վերջին զարգացումներին:

 

Այնուհետև, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՀ Տնտեսական և ֆինանսական քաղաքականության հուշագիրը, ինչպես նաև ԱՄՀ հետ առաջիկա ծրագրի հնարավորություններն ու ուղղությունները:

 

Հուշագրի դեռևս չհամաձայնեցված հարցերի շուրջ աշխատանքային քննարկումները շարունակվել են նաև ՀՀ ՖՆ և ԿԲ ներկայացուցիչների և ԱՄՀ առաքելության ղեկավար Իվա Պետրովայի միջև: Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնություն են ձեռք բերել նախանշված գրեթե բոլոր հարցերի շուրջ:

 

Իվա Պետրովայի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ նախարարը շնորհակալություն է հայտնել վերջինիս կատարած անգնահատելի աշխատանքի, ինչպես նաև արդյունավետ գործընկերության համար: