Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են հանրապետության ներքին շուկայում ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ և արդար մրցակցության ու ձեռներեցության զարգացման համար անհրաժեշտ միջավայր: ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 5-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում առաջին ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի խոսքով՝ փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններից:
«Գործող օրենսդրությամբ բացակայում են սպառողների շահերի պաշտպանության վարչաիրավական մեխանիզմների վերաբերյալ կարգավորումներ, ինչպես նաեւ առկա չէ սպառողների շահերի դեմ ուղղված անարդար գործելակերպի դեպքում վարույթ հարուցելու եւ պատասխանատվության միջոց կիրառելու լիազորություններով օժտված կենտրոնական մարմին»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ չկան սպառողների դեմ ուղղված անարդար, մոլորեցնող եւ ագրեսիվ առեւտրային գործելակերպն արգելող կարգավորումներ, բացակայում են ապրանքի միավոր գնի ներկայացման կանոններն ու սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների քննության հատուկ կարգավորումները:
Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ նախաձեռնությամբ նախատեսվել են կարգավորումներ վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով: Մասնավորապես՝ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով սահմանվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունը որպես սպառողների պաշտպանության կենտրոնական եւ կոնտակտային հիմնական մարմին: Նաեւ ամրագրվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ հստակ կարգավորումներ՝ ներառյալ սպառողների դեմ անարդար առեւտրային գործելակերպի ընդհանուր բնութագիրն ու դրա առավել կանխատեսելի դրսեւորումները: Նախատեսվել են սպառողների դեմ ուղղված իրավախախտումների առնչությամբ վարույթների հարուցման առիթների քննարկման եւ վարույթների քննության առանձնահատկությունները: Սահմանվել է պատասխանատվություն՝ սպառողների դեմ ուղղված իրավախախտումների համար:
Ըստ նախարարի՝ ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով ամրագրվել է սպառողների իրավունքների պաշտպանության շրջանակում հիմնարար նշանակություն ունեցող սպառողի ազատ ընտրության իրավունքը, սահմանվել են մի շարք հիմնարար նշանակություն ունեցող նոր հասկացություններ:
Նախաձեռնությամբ սահմանվել են նաեւ այլ կարգավորումներ: «Կարեւորում ենք «Զգուշացման ինստիտուտի» մեխանիզմի ներդնումը: Ներդրվել են իրավական այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան ավելի քիչ վարչարարության իրականացմամբ կանխել իրավախախտումները կամ հասնել դրանց վերացմանը»,- ընդգծել է Գեւորգ Պապոյանը եւ հավելել, որ ներկայացված փաթեթի ընդունմամբ մի կողմից կձեւավորվի սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ գործող համակարգ, մյուս կողմից մեր երկիրը կապահովի ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած ու այս փուլով նախատեսված պարտավորությունների կատարումը:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջարկներ է ներկայացրել ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը, որոնք հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Գեւորգ Պապոյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին: