Երկուշաբթի, 5 Մայիսի 2025 21:01
Նաիրա Բադալյան

Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին

Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ գործարքների թիվը կազմում է 2254:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են ծրագրի ընթացիկ, ինչպես նաև հետագա շարունակականությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրին մասնակցության նոր չափանիշների սահմանմանը, ըստ այդ չափանիշների թիրախների որոշմանը, բնակարանային խնդիր ունեցող այլ խմբերին ծրագրում ինտեգրելու հնարավորությանը:

 

Վերոնշյալ հարցերի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրություն իրականացնել և տեղեկատվություն ներկայացնել նոր սահմանված չափանիշներին համապատասխանող պոտենցիալ շահառուների վերաբերյալ:

 

Խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև օրերս Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում բարձրացված խնդիրներին՝ պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

 

Խոսելով կրթահամալիրների շինարարության և տրանսպորտային ծառայության մատուցման համաժամանակյա իրականացման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է «Կրթահամալիրների ծրագրում ճանապարհների բարեկարգումը պարտադիր պայման է: Այսինքն՝ այնտեղ, որտեղ ունենք կրթահամալիր, այդ տեղերի ճանապարհների նորոգումը բացարձակ առաջնահերթություն է՝ համաժամանակայնացնելով կրթական պրոցեսի հետ, ինչպես նաև կոորդինացնելով տրանսպորտային ցանցի ներդրման հետ»,-հավելել է վարչապետը: Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև ճանապարհների գծանշման կարևորությանը, հանձնարարել գծանշման չափանիշներ ներդնել և խնդիրը լուծել: