Արմինֆո.Վրացական կողմը խոստացել է մոտ ժամանակներս ՝ 10 րոպեից մինչև 2 օր, պարզաբանումներ ներկայացնել Գեզի տերմինալում հայկական բեռներին առնչվող իրավիճակի և հայկական կոնյակի լաբորատոր փորձաքննության անցկացման վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը՝ Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեի հետ հանդիպումից հետո: Նշենք, որ վերջինիս հետ բանակցություններին նախորդել էր ձեռնարկատերերի և տրանսպորտային ընկերությունների ակցիան Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության մոտ:
Փոխանցելով Շարվաշիձեի խոսքերը՝ նա նշել է, որ դեսպանատունը դիմել է պաշտոնական Թբիլիսիին ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Դեսպանը խոստացել է դրանք ստանալուն պես անմիջապես տեղեկացնել հայ գործարարներին։
Գայանե Պողոսյանը նաև նշել է, որ եթե հարցը չլուծվի, ապա բողոքի ակցիաները կշարունակվեն, քանի որ խոսքը լուրջ խնդրի մասին է, որը հրատապ լուծում է պահանջում:
Նշենք, որ Վրաստանում գտնվող "Գեզի" տերմինալում ավելի քան մեկ ամիս կանգնած են հայկական գինի և կոնյակ փոխադրող բեռնատարներ, որոնք ուղևորվում էին դեպի Ռուսաստան և Բելառուս: Վրաստանը լաբորատոր փորձաքննություն անցկացնելու նպատակով մեքենաները կալանավորել է, ինչը, ըստ հայ արտահանողների, տարանցիկ երկրի իրավասությունը չէ: Տարակուսանքի մեջ գտնվելով ՝ հայ արտադրողները ակցիաներ են անցկացնում, փակում են ճանապարհներ՝ պաշտոնական Թբիլիսիի նման գործողությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և գործարարների համար ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծումը քննարկելու համար: