Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանը մայիսի 14-ի՝ լույս 15-ի գիշերը կկանգնեցվի պլանային նախազգուշական վերանորոգման և վառելիքի վերալիցքավորման նպատակով: Այդ մասին լրագրողներին հաղորդել է "Հայկական ԱԷԿ" ՓԲԸ տնօրեն Մովսես Վարդանյանը՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի ԱԷԿ այցի շրջանակում։
Նրա խոսքով՝ ԱԷԿ-ում ընթացիկ տարվա ՊՆՎ-ը սովորականից երկար կտեւի։ Կայանը կկանգնի 60 օր, քանի որ ընթացիկ աշխատանքները պահանջում են լրացուցիչ միջոցառումներ ավտոմատացման համակարգերի մի մասի փոխարինման և կայանի անվտանգության մակարդակի բարձրացման համար:
Նշենք, որ ՊՆՎ-ին զուգընթաց կայանում կշարունակվեն աշխատանքները երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036թ. երկարաձգելու երկրորդ ծրագրի շրջանակներում:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 23-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել մինչև 2036 թվականը Հայկական ԱԷԿ-ի շահագործման կրկնակի երկարաձգման գործընթաց սկսելու մասին։ ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ այն երկարացվել է մինչև 2026 թվականը: Աշխատանքները ֆինանսավորվել են 189 մլն ԱՄՆ դոլարի ռուսական վարկային և դրամաշնորհային միջոցների և ՀՀ պետբյուջեի 63,2 մլրդ դրամի միջոցների հաշվին: Հաշվի առնելով արդեն իսկ կատարված աշխատանքները և համապատասխան կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգման միջազգային փորձը՝ նախատեսվում է լրացուցիչ ներդրումների և աշխատանքների հաշվին հնարավորություններ ստեղծել Հայկական ԱԷԿ - ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու համար՝ 2026-2036թթ.: Կառավարության որոշմամբ նախատեսվում է մշակել համապատասխան ծրագիր, գնահատել էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման տեխնիկական հնարավորությունները, անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները և հնարավոր ներդրումների ազդեցությունը վերջնական սպառողի համար սակագնի վրա: ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու արժեքը, նախնական տվյալներով, կարժենա 170 մլն դոլար: