Արմինֆո. «Ռոստեխ» պետական կորպորացիայի «Ազիմուտ» արտադրական ընկերությունը Հայաստան է առաքել VOR/DME 2700 ռադիոփարոս, որը տեղադրվել է Սիսիան քաղաքի մոտակայքում։ Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, ռադիոփարոսը կօգնի ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում և բարդ օդերևութաբանական պայմաններում։ VOR/DME 2700 վերգետնյա համակողմանի ազիմուտա-հեռաչափական ռադիոփարոսը նախատեսված է տեղադրման կետի նկատմամբ օդանավի գտնվելու վայրը որոշելու համար։ Այն աշխատում է շատ բարձր հաճախականությունների (ՇԲՀ) տիրույթում և կարող է միաժամանակ ուղեկցել մինչև 200 ինքնաթիռ։ Սարքավորումը երաշխավորված է ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) կողմից՝ որպես օդային ուղիներում նավիգացիայի հիմնական միջոց, ինչպես նաև՝ որպես լրացուցիչ միջոց ինքնաթիռների վայրէջքի ժամանակ։
«Ազիմուտի» ռադիոփարոսն իրեն դրսևորել է որպես հուսալի և երկարակյաց սարքավորում։ Ներկայումս այն հաջողությամբ շահագործվում է Ստավրոպոլում, Չելյաբինսկում, Կալինինգրադում, Խաբարովսկում, Նովոսիբիրսկում և Ռուսաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև օտարերկրյա օդանավակայաններում։ Այժմ մենք ավարտել ենք VOR/DME 2700-ի փորձարկումները Հայաստանում, ինչը թույլ կտա օդանավերին կողմնորոշվել օդային ուղիներում լեռնային տեղանքի և վատ եղանակի պայմաններում»,- նշել է «Ազիմուտի» գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գալչենկովը։
«Ազիմուտը» օդանավակայանների և օդային ուղիների հագեցման համար նախատեսված օդանավագնացային համակարգերի և համալիրների ռուսաստանյան առաջատար մշակողն ու արտադրողն է։ Ընկերությունը մշակում, սերիապես արտադրում և քաղաքացիական ավիացիայի ձեռնարկություններին է մատակարարում կապի, նավիգացիայի, վայրէջքի, դիտարկման և օդային երթևեկության կառավարման ավտոմատացման միջոցներ։ Նաև մշակում և իրականացնում է օդանավակայանների և օդային երթևեկության կառավարման կենտրոնների հագեցման և վերազինման համալիր նախագծեր։