Հինգշաբթի, 22 Մայիսի 2025 11:30
Ալեքսանդր Ավանեսով

ԵՏՀ-ը ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել է Սերբիայի հետ առևտրի աշխուժացումը

ԵՏՀ-ը ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել է Սերբիայի հետ առևտրի աշխուժացումը

Արմինֆո.  Մայիսի 21-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովի նախագահությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության երկրների պետական իշխանության մարմինների և բիզնեսիներկայացուցիչների մասնակցությամբ սեմինար՝ նվիրված ճյուղային համագործակցության զարգացմանը, Սերբիայի հետ փոխադարձ առևտրում խոչընդոտների հայտնաբերմանն ու վերացմանը:

 

Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, միջոցառումը նպատակաուղղված էր, մի կողմից, ԵԱՏՄ և նրա անդամ պետությունների, մյուս կողմից, Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության ակտիվացմանը:

 

Սեմինարի նպատակն էր բացահայտել այն առևտրային խոչընդոտները, որոնց բախվում են տնտեսության տարբեր ոլորտների արտահանողները Սերբիայի Հանրապետության շուկա ապրանքներ մատակարարելիս, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունները և առևտրի սահմանափակումների վերացման ուղիները:

 

"Այսօրվա միջոցառման ժամանակ հնչեցված առաջարկությունները մանրամասն կմշակվեն անդամ պետությունների հետ համատեղ՝ Սերբիայի Հանրապետության հետ համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նախատեսվող նիստի շրջանակներում հնարավոր քննարկման համար",-նշել է Անդրեյ Սլեպնյովը:

 

Այս առնչությամբ ԵՏՀ նախարարը հիշեցրել է սերբական կողմի հետ վերջերս կայացած արդյունավետ խորհրդակցությունների մասին, որոնց արդյունքում 2025 թվականի մարտի 3-ից հանվել են ԵԱՏՄ-ից բուսական յուղերի և մարգարինի ներմուծման քանակական սահմանափակումները, որոնք գործում էին մեկ տարի։

 

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին և ուժի մեջ է մտել 2021 թվականի հուլիսի 10-ին: Համաձայնագրով նախատեսվում է ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ չեղարկում ապրանքային անվանացանկի 93 տոկոսի մասով։