Երեքշաբթի, 27 Մայիսի 2025 11:57
Նաիրա Բադալյան

ՊԵԿ-ի աշխատակիցները  բացահայտել են առևտրի ոլորտում շրջանառության թերհայտարարագրման դեպք

ՊԵԿ-ի աշխատակիցները  բացահայտել են առևտրի ոլորտում շրջանառության թերհայտարարագրման դեպք

Արմինֆո ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այդ մասին հաղորդել է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը:

 

«Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային և ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ:

 

Արդյունքում, ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց: Ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են:

 

Ձեռք են բերվել փաստական տվյալներ ու հանգամանքներ այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2025 թվականի մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը  թաքցրել է շուրջ 9,1 մլրդ դրամի իրացման շրջանառություն։ Փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է ավելի քան  2,6 մլրդ  ՀՀ դրամի վնաս։

 

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: ՊԵԿ-ը հիշեցնում է, որ առկա իրավակարգավորումների համաձայն՝ վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում, նշված պահանջի պարբերաբար չկատարումը  կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին:

 

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց խստորեն հետևել օրենքի պահանջներին և զերծ մնալ իրավախախտումներից», - նշվում է ՊԵԿ հաղորդագրությունում։