Արմինֆո. Հայաստանը Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ) 236 մլն եվրո կներգրավի "Հյուսիս - Հարավ" տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 29-ի լիագումար նիստում վավերացրել է բանկի հետ վարկային համաձայնագիրը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասելով՝ փաստաթուղթը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին: Ըստ փոխնախարարի՝ միջոցներն ուղղվելու են Սիսիանի և Քաջարանի միջև 60 կմ երկարությամբ նոր ճանապարհի կառուցման նախագծի ֆինանսավորմանը: Նախագիծն իրականացվելու է 3 ենթահատվածներում՝ հյուսիսային (Սիսիանից մինչեւ Շենաթաղ)՝ 27,1 կմ, Բարգուշատի թունելում՝ 8,6 կմ, և հարավային՝ 24,25 կմ: Պայմանագրով նախատեսված միջոցներն օգտագործվելու են նախագծի հյուսիսային և հարավային ենթատեղամասերի կառուցման համար, որը համաֆինանսավորվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից:
Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ նախագծի շրջանակներում հյուսիսային և հարավային հատվածներում կկառուցվի 3 երթևեկելի գոտի ունեցող ճանապարհ, 4,7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ, շուրջ 4 կմ ընդհանուր երկարությամբ 8 թունել: Ղալեչյանը նշել է, որ նախագծի ավարտը նախատեսվում է մինչև 2033 թվականի դեկտեմբեր: Նշենք, որ այդ ճանապարհը, որը "Հյուսիս-Հարավ" միջպետական մայրուղու մաս է կազմում, թույլ կտա կրճատել ճանապարհը 54 կմ-ով և երթևեկության միջին արագությունը 50 կմ/ժ-ից հասցնել 100 կմ/ժ-ի: Արդյունքում՝ ճանապարհի ժամանակը կկրճատվի մեկուկես ժամով: Տվյալ տեղամասի կառուցումը նաեւ կնպաստի ապրանքաշրջանառության ավելացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը եւ զբոսաշրջության զարգացմանը:
"Հյուսիս-Հարավ"-ը անկախ Հայաստանի պատմության մեջ ամենալայնածավալ նախագծերից մեկն է: Այդ ճանապարհը 556-ից մինչեւ 490 կմ կկրճատի հեռավորությունը Իրանի հետ սահմանից մինչեւ Վրաստանի հետ սահման: Ճանապարհն էապես կհեշտացնի ելքը դեպի Սև ծով՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի համար ։ Այսօրվա դրությամբ ներդրումային ծրագիրն իրականացվել է 10% - ով, իսկ ներգրավված վարկերի չափը 2024 թ. մայիսի վերջի դրությամբ կազմել է 800,7 մլն դոլար: