
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Ռիելթորական գործունեության մասին» և հարակից օրենքների նախագծերը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ հիմնավորման՝ ռիելթորական գործունեության զարգացման և կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու և ներդնելու ռիելթորական գործունեության վերաբերյալ օրենսդրություն, որի միջոցով ոլորտում կներդրվի միասնական պետական քաղաքականությունը:
Օրենսդրության ներդրման խնդիրն է լինելու կարգավորել ռիելթորական ծառայությունների ոլորտը և հստակ սահմանել ռիելթորների, անշարժ գույքի կառավարիչների և պատվիրատուների իրավունքներն ու պարտականությունները, անշարժ գույքի միջնորդական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման կարգը, ռիելթորական գործունեության ոլորտում պատասխանատվության սահմանումը:
Սահմանվելու են նաև ռիելթորական գործունեության հիմնական հասկացությունները, օբյեկտները, սուբյեկտները, ռիելթորին և ռիելթորական կազմակերպությանը ներկայացվող պարտադիր նվազագույն պահանջներն ու սահմանափակումները: Կսահմանվեն նաև լիազոր մարմնի իրավասությունները:
Օրենսդրությունն ուղղված է լինելու ռիելթորական գործունեության ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը, ստվերից դուրս գալուն և պետական բյուջե մուտքերի ավելացմանը, անշարժ գույքի ոլորտում տեղեկատվության և ծառայությունների թափանցիկության, հուսալիության և հասանելիության ապահովմանը, անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ձևավորմանը և զարգացմանը: Ինչպես նաև կներդրվի ոլորտի մասնագետների, անշարժ գույքի սուբյեկտների և սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմ: Մշակվելու և ներդրվելու է Միասնական տեղեկատվական համակարգ (բազմակի ցուցակագրման համակարգ), որը հնարավորություն է տալու վերահսկել հանրապետությունում անշարժ գույքի հետ կապված բոլոր գործարքների շարժը, ինչպես նաև ապահովելու է ծառայությունների մատուցման բարձր որակ ռիելթորի կողմից: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն ապահովվել որպես զսպող և կանխարգելիչ էֆեկտ օրենքով սահմանված կառուցակարգերը չխախտելու համար սահմանվում են պատասխանատվության նոր միջոցներ: Դրա համար առաջարկվում են պատասխանատվության նոր միջոցներ՝ ռիելթորական, անշարժ գույքի կառավարման ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումից հետո անշարժ գույքերի վերաբերյալ տեղեկությունները միասնական տեղեկատվական համակարգում չմուտքագրելու, ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորի, անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարչի կողմից առանց ռիելթորական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման ռիելթորական ծառայություններ մատուցելու համար: