Արմինֆո. "Ռոսսելխոզնադզոր"-ը մտահոգված է Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարումներ իրականացնելիս հաճախակի դարձած խախտումների առնչությամբ։ Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն, ծաղիկները պատկանում են կարանտինի ենթակա արտադրանքի կատեգորիային՝ բարձր բուսասանիտարական ռիսկով։ Կարան0տինային վնասակար օրգանիզմների ներթափանցումը, տարածումը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի տարածքի բուսասանիտարական բարեկեցության համար՝ ներառյալ զարգացող ներքին ծաղկաբուծությունը:
2025 թվականին Հայաստանից կտրված ծաղիկների Ռուսաստան ներկրման կտրուկ աճ է նկատվում։ Այսպես, ընթացիկ տարվա սկզբից վերահսկվել է 52 մլն հատ, ինչը 49,7 տոկոսով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում, երբ ներմուծվել էր 34,7 մլն հատ ։
Բեռնափոխադրումների հոսքի ավելացման ֆոնին արձանագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ: «Ռոսսելխոզնադզոր»-ի տարածքային վարչությունների կողմից անցկացված կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունքների համաձայն, հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիփսով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք:
Բացի այդ, նշվել են բուսական արտադրանքի այլ տեսակներում կարանտինային օբյեկտների հայտնաբերման բազմակի դեպքեր, ինչը վկայում է արտահանվող արտադրանքի նկատմամբ Հայաստանում վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին։
Ռուսաստանի տարածքում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ սպառիչ միջոցներ ձեռնարկելու և մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու խնդրանքով։
Արձագանքման անհրաժեշտ միջոցների բացակայության և կարանտինային օբյեկտների հայտնաբերման շարունակման դեպքում "Ռոսսելխոզնադզոր"-ն ստիպված կլինի 2025 թվականի հունիսի 16-ից ժամանակավոր սահմանափակումներ կիրառել երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ Ռուսաստան ծաղկի արտադրանքի ներկրման նկատմամբ: