Երեքշաբթի, 3 Հունիսի 2025 15:07
Ալինա Հովհաննիսյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հաղորդել են Ինժեներական քաղաքի բիզնես-աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտի մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հաղորդել են Ինժեներական քաղաքի բիզնես-աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտի մասին

Արմինֆո ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք»՝ տեղում ծանոթանալու բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտին:

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, շրջայցին մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, շինարարական աշխատանքներն իրականացնող «Թունել Սադդ Արիանա» իրանական ընկերության ներկայացուցիչները, ինչպես նաև «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտները:

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել շինարարական փուլերին, տարածքի ներքին կառուցվածքին և դրա նշանակությանը՝ որպես «Ինժեներական քաղաքի» կենտրոնական հանգույցներից մեկը: 

 

Շրջայցից հետո Բագրատ Ենգիբարյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաքի» գործունեության հիմնական ուղղությունները, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցության շրջանակն ու զարգացմանն ուղղված քայլերը։ 

 

Ելույթով հանդես է եկել նաև նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով բիզնես աքսելերատորի շենքի դերը՝ որպես նորարական գաղափարների իրագործման և ինժեներական համայնքի ապագա հարթակ։ Նա նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակիցներին, ոլորտի գործընկերներին, շինարարական խմբին և ներգրավված բոլոր մասնակիցներին՝ ծրագրի կարևոր փուլի հաջող ավարտի համար։ Նախարար Հայրապետյանի խոսքով, շենքի պաշտոնական բացումը նախատեսվում է տարածքի բարեկարգումը և ներքին կահավորումն ավարտելուց հետո: 

 

Դեսպան Սոբհանին, իր հերթին, կարևորել է Իրանի և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, շնորհավորել բիզնես աքսելերատորի շենքի կառուցման ավարտի առթիվ՝ նշելով այն որպես տեխնոլոգիական կարևորագույն կենտրոն Հայաստանում։

 

Հիշեցնենք, որ Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցմանն ու կահավորմանն ուղղվել է 1.8 մլրդ:

 

Նշենք, որ "Ինժեներական քաղաք" նախագիծը գործարկվել էր դեռևս 2018 թվականի դեկտեմբերին՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական և ինժեներական արդյունաբերության զարգացման նպատակով: Քաղաքը գտնվում է Երևանի Բագրևանդ թաղամասում գտնվող 3 հա տարածքի վրա և իրենից ներկայացնում է նորարարական կլաստեր, որտեղ ներկայացված կլինեն արտադրական, գիտական և կրթական ներուժն ու կարողությունները:

 

Մասնավորապես, Ինժեներական քաղաքում նախատեսվում է ստեղծել նոր ժամանակակից ենթակառուցվածք, որը կներառի 5 թեմատիկ լաբորատորիա՝ նախագծման համար, ինչպես նաև հետազոտական կենտրոն, որը կծառայի կիբեռանվտանգության խնդիրների լուծմանը, կիսահաղորդիչների, օդատիեզերական սարքավորումների, խելացի սարքերի և այլ ապրանքների արտադրության: Գործելու են նաև ուսումնական և կրթական կենտրոններ, գիտության, տեխնիկայի և տիեզերքի թանգարաններ, գրադարաններ: