
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունիսի 4-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, իր ելույթում Էդգար Զաքարյանը կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի գործունեությունը և նշել, որ այդ հարթակը հնարավորություն է տալիս երկրների միջև կառուցողական երկխոսություն վարել, լավագույն փորձի փոխանակում իրականացնել, համակարգել արդյունաբերական արդիականացման մոտեցումները և ձևավորել ինտեգրված արդյունաբերական համագործակցության ընդհանուր տեսլական:
«Այսօր առավել քան կարևոր է համատեղ ջանքերը կենտրոնացնել այնպիսի ուղղությունների վրա, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիական արտադրության տեղայնացումը, արդյունաբերական կոոպերացիայի խթանումը, ենթակառուցվածքների զարգացումը նորարար գործունեության և ոլորտների թվային փոխակերպման վրա: Կարևոր է նաև արտադրության էկոլոգիզացումն ու արդյունաբերության մեջ կայուն լուծումների խթանումը», - նշել է Էդգար Զաքարյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են արդյունաբերական քաղաքականության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, հանքարդյունաբերության և մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության հայեցակարգերին առնչվող մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել ԱՊՀ անդամ երկրներում մեքենաշինության և տեքստիլ արդյունաբերության զարգացման ուղղությամբ համալիր միջոցառումների վերաբերյալ։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի արդյունաբերական հատվածը 2025թ. առաջին եռամսյակում տարեկան 18,5%-ով կրճատել է արտադրության ծավալները (2024թ. նույն ժամանակահատվածի 30,4% աճի դիմաց)՝ կազմելով շուրջ 600 մլրդ դրամ (1,5 մլրդ դոլար)։
Արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացումը պայմանավորված է վերամշակող արդյունաբերության ծավալների անկմամբ և հանքարդյունաբերության ճյոուղի անկման արագացմամբ։ Մասնավորապես, հանքարդյունաբերության ճյուղի տարեկան անկումն արագացել է՝ 4,6%-ից մինչեւ 10,6%՝ ապահովելով 97 մլրդ դրամ ծավալ։ Վերամշակող արդյունաբերության տարեկան դինամիկան կտրուկ շրջադաարձ է կատարել 47,6% աճից դեպի 26% անկում՝ ապահովելով 390 մլրդ դրամ ծավալ։