Երեքշաբթի, 10 Հունիսի 2025 12:02
Նաիրա Բադալյան

ՊԵԿ-ը Ծաղկաձորում խաղատան 4,2 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք է բացահայտել

ՊԵԿ-ը Ծաղկաձորում խաղատան 4,2 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք է բացահայտել

Արմինֆո ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից  հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք։


ՊԵԿ հաղորդագրության համաձայն, օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում է խաղադրույքներ և  այդ գործարքները չի ներառում հաշվապահական հաշվառման մեջ ու հարկային մարմնում չի հայտարարագրում։


Տեղեկությունները ճշտելու նպատակով կազմակերպվել և իրականացվել են բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ խաղատունը թերհայտարարագրել է շուրջ 4.2 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Բացի այդ, արձանագրվել են նաև այլ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ, որոնց վերահսկողությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից: Կատարված նախնական հաշվարկով խաղատան կողմից պետությանը պատճառվել է շուրջ 887 միլիոն դրամի վնաս։
 

«ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով: Վարութային և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում խաղատանն իրականացվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ։
 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խաղատնային բիզնեսում հարկային ռիսկերի և կանխիկ գործարքների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ։ 
 

Հիշեցնենք, որ տնտեսական գործունեության թափանցիկությունը և հարկային պարտավորությունների ամբողջական կատարումը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև պետության ֆինանսական կայունության ապահովման հիմնարար նախապայման», - ասվում է հաղորդագրությունում։