Չորեքշաբթի, 11 Հունիսի 2025 18:16
Ալինե Գրիգորյան

Հայաստանում պատրաստվում են տիեզերական տեղեկատվությունն օգտագործել տարերային աղետների ռիսկի կառավարման համար

Հայաստանում պատրաստվում են տիեզերական տեղեկատվությունն օգտագործել տարերային աղետների ռիսկի կառավարման համար

Արմինֆո Ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման և գործիքակազմի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

 

ՆԳՆ հաղորդագրության համաձայն, օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում աղետների և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայելուն, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման բոլոր փուլերում որակյալ աշխարհատարածական տեղեկատվության ու տիեզերական ծառայությունների ժամանակին և համակարգված կերպով հասանելիության ապահովմանը։

Որոշման ընդունման դեպքում ակնկալվող հիմնական արդյունքներն են․աղետների ռիսկերն ու ազդեցությունները կկանխվեն կամ կնվազեցվեն տիեզերահեն տեղեկատվության և տեխնոլոգիաների օգտագործման միջոցով; աշխարհատարածական և տիեզերահեն տեղեկատվության օգտագործումը կօգնի պետությանն ավելի լավ ընկալել աղետների ռիսկերն ու ազդեցությունները, մշակել դրանց կառավարման համապատասխան քաղաքականություններ; կապահովվի աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային գործընկերների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի, գիտական և կրթական կառույցների միջև համագործակցությունը:

 

Հայաստանը 2021 թվականից Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի լիազորված օգտատեր է, ինչը հնարավորություն է տալիս աղետների ժամանակ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ և տրամադրել պետական կառավարման համակարգին, տեղական ինքնակառավարման մարմիններին և համապատասխան կառույցներին:

 

Այդպիսի անհրաժեշտություն առաջացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ։

 

Ըստ այդմ՝ հայեցակարգի ընդունումը կնպաստի տիեզերահեն տեղեկատվության ստացման, մշակման, կիրառման և դրանց հետագա զարգացման տեխնոլոգիական անկախության ապահովմանը՝ զարգացնելով տեղային կարողությունները։

 

Հարկ է նշել նաև, որ Հայաստանի առաջին արբանյակը տիեզերքում է 2022 թվականի մայիսից, ինչը ևս նպաստում է տիեզերքի ոլորտում Հայաստանի գործունեության զարգացմանը, նաև աղետների ռիսկի կառավարման առումով։

 

Նախագծի հղումը՝ https://www.e-draft.am/projects/8760