Հինգշաբթի, 12 Հունիսի 2025 12:03
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում քննարկվել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր

Արմինֆո. Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը նախօրեին ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) պատվիրակությանը, որը գլխավորել են Էստոնիայի ԱԳՆ զարգացման համագործակցության բաժնի տնօրեն Ինգրիդ Կրեսսելը և ESTDEV-ի թվայնացման հարցերով տնօրեն Անդրես Արեման։

 

ՀՀ արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպումն անցկացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էստոնիա կատարած պաշտոնական այցի տրամաբանական շարունակության շրջանակում՝ վերահաստատելով երկու երկրների միջև ձևավորված համագործակցության ամրապնդման և շարունակականության ապահովման պատրաստակամությունը։

 

Զրուցակիցները քննարկել են արդարադատության ոլորտի թվայնացման օրակարգին վերաբերող հարցեր, առկա մարտահրավերները, ինչպես նաև քաղաքացիների համար հանրային ծառայությունների մատուցման առավել թափանցիկ, հասանելի և արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ կողմերի տեսլականը։

Հատուկ ուշադրություն է դարձվել արդարադատության ոլորտում թվային լուծումների ընդլայնման հնարավորություններին՝ շեշտադրելով արհեստական բանականության, տեխնոլոգիական նորարարությունների կիրառման և ծառայությունների մատչելիության սկզբունքները։